Ամերիկացի սենատորն արժանացել է «Հայաստանի ոգին» մրցանակին

Ամերիկացի սենատորն արժանացել է «Հայաստանի ոգին» մրցանակին

PanARMENIAN.Net - Սենատոր Մարկ Լևին Հայոց ցեղասպանության և Հայաստանին հատկացվող oժանդակության հարցերում ԱՄՆ համայնքին ցուցաբերած բազմամյա ու մշտական աջակցության համար արժանացել է «Հայաստանի ոգին» մրցանակին: Միջոցառումը տեղի է ունեցել Դիրբորնում, Միչիգան: Մրցանակը սենատորին է հանձնել ՀԱԵ Արևելյան ափի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը: Սենատոր Լևին եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակը, առաջիններից մեկն է հանդես եկել ԼՂՀ անկախության ճանաչման օգտին ու Ազատության մասին ակտի ուղղումներին, որով արգելվում է օժանդակությունն այն երկրներին, որոնք արգելափակում են ԱՄՆ օգնությունը:

Մարկ Լևին պայքարել է հանուն արդարության այլախոհների շարքերում, ինչպես նաև եղել է անվտանգության ու զինված ուժերի գծով հանձնախմբի ղեկավար: Մի քանի տարի առաջ նա այցելել է Հայաստան:

«Ես, որպես հրեա, ընդմիշտ հիշեցի Հիտլերի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին, երբ նա ծրագրում էր իմ ժողովրդի բնաջնջումը: Մենք պետք է ցեղասպանությունը ցեղասպանություն անվանենք: Այդ եզրույթի ժխտումը միայն թև է տալիս նրանց, ով ձգտում է իշխանության մեկ այլ ազգի բնաջնջման միջոցով»,-ասել է Մարկ Լևին արարողության ժամանակ:

Ինչպես գրում է The Armenian Weekly-ն, հայ համայնքի երկու ներկայացուցիչներ՝ Օնիկ Խաչիկյանն ու Ջոն Մանուկյանը, ստացան Eagle մրցանակը Դիրբորնի հայ համայնքին բազմամյա աջակցության համար:

1992 թվականին նախկին խորհրդային հանրապետություններին աջակցելու նպատակով ԱՄՆ-ում ընդունվեց Ազատության աջակցության ակտը (Freedom Support Act): ԱՄՆ Սենատը 907-րդ ուղղումն ընդունեց, որով արգելվեց օգնությունն Ադրբեջանին ԱՄՆ կառավարության կողմից, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու ռազմական գործողությունները նրանց դեմ:

Ուղղումն ընդունելու գործում հաջողությունը ձեռք բերվեց մի քանի գործոնների՝ հայ համայնքի բարձր կազմակերպվածության ու լոբբիստական հնարավորությունների, առանցքային նահանգներում, օրինակ Կալիֆորնիայում, հայ համայնքի խտության և նախագահական ու խորհրդարանական ընտրություններում կարևորության, այն պահին Անդրկովկասի վերաբերյալ ԱՄՆ կառավարությունում հստակ քաղաքական գծի բացակայության շնորհիվ, որից էլ օգտվեցին հայ լոբբիստները: ԱՄՆ-ում այդ ժամանակ նույնիսկ Ադրբեջանի դեսպանատուն չկար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---