Անցած շաբաթ ազերիները չափից ավելի ակտիվ էին՝ հրադադարը խախտել են մոտ 1000 անգամ (թարմացված)

Անցած շաբաթ ազերիները չափից ավելի ակտիվ էին՝ հրադադարը խախտել են մոտ 1000 անգամ (թարմացված)

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1․000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10․000 կրակոց:

Մայիսի 31-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալ և հանդիպել մայիսի 28-ին տեղի ունեցած դիվերսիան հետ մղած զինծառայողների հետ: Նախարարը լսել է նրանց, քաջալերել և հանդիպման ավարտին պարգևատրել գերատեսչական մեդալներով:

Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է և նրանք հետ են շպրտվել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը տվել է առնվազն 2 զոհ և 1 վիրավոր:

Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

Ինչպես մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայ դիրքապահների հակարահվածը դիվերսիային արժանի էր: Օհանյանի խոսքով, նման քայլեր հակառակորդը սովորաբար ձեռնարկում է որոշակի օրերին:

«Խոսել եմ ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, ևս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, որ այս ոտնձգությունը եղել է հակառակորդի կողմից»,- ասել է Օհանյանը՝ հավելելով, որ վիրավորների վիճակը բավարար է: Մեկնաբանելով տեղեկությունը, Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշել է, որ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը վերահսկում են իրավիճակն առաջնագծում ու ՀՕՊ ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած խախտման համարժեք պատասխան տալ։

Ավելի ուշ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հայտնեց, որ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս հայ զինծառայողները ոչնչացրել են ազերիների դիվերսիոն խմբի հրամանատարին: «Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, հակառակորդը կրկին գործել է այսպես կոչված «սուպերպրոֆեսիոնալների» միջոցով: Սակայն մեր շարքային զինծառայողները կրկին հաղթանակ են տարել նրանց հանդեպ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Մայիսի 26-ին շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994-ին ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել փոխգնդապետ Գարիկ Բալայանը: Մեկնաբանելով տեղեկությունը, Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշել է, որ լարվածություն սահմանին կա, սակայն, չի կարելի ասել, թե իրավիճակն ավելի լավրված է, քան նախկինում: «Մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը պարբերաբար կրկնվում է, լարվածություն միշտ կա, քանի դեռ, մենք գործ ունենք հակառակորդի հետ»,-հավելել է նա:

Ըստ ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր մոտ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Ըստ ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր մոտ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին հակառակորդը տվել է առնվազն 3 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Բայց մինչև այդ՝ մայիսի 20-ին շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Արթուր Օհանջանյանը, ով ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով։

Մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զինվորի մահվան պատճառը նույնպես հակառակորդի կողմից արձակված փամփուշտն էր։Դեպքը կատարվել էր մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում․ մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը, ևս մեկ սպա վիրավորվել էր։ Զինծառայողի մահվան ու ևս մեկ զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---