ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք 2013» մրցանակը` Ամերիաբանկին

ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք 2013» մրցանակը` Ամերիաբանկին

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2013» մրցանակին: Մայիսի 16-ին Վարշավայում մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է Ամերիաբանկի Կորպորատիվ գործառնությունների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին` ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրի տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում կայացած 2014թ. տարեկան ժողովի ժամանակ:

«Տարվա գործարք 2013»-ն Ամերիաբանկի և Կոմերցբանկի միջև կնքված գործարքն է, որը երաշխավորվել է ՎԶԵԲ-ի կողմից: Ընդ որում, Նիդերլանդների զարգացման բանկը (FMO) նույնպես մասնակցել է այս գործարքին` ծածկելով քաղաքական և վճարման ռիսկերի որոշակի մասը: Գործարքն ունի կարևոր ռազմավարական նշանակություն Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտի զարգացման համար:

«Ամերիաբանկը բարձր է գնահատում երկարամյա համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ, որի արդյունքում իրականացվել են Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք նախագծեր: Մասնավորապես այս գործարքի կնքումը, որը հնարավոր դարձավ մի քանի խոշոր և հեղինակավոր ֆինանսական կառույցների մասնակցությամբ, առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման համար: Մենք նաև կարևորում ենք այն հանգամանքը, որ գործարքը կնքվեց առանձնակի նպաստավոր պայմաններով: Միտված լինելով երկրում հեռահաղորդակցության ոլորտը նոր մակարդի բարձրացնելուն` այն միաժամանակ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում»,- նշել է Գագիկ Սահակյանը:

2013թ. Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է «Ամենաակտիվ թողարկող բանկ» և «Հայկական առաջին հաստատող բանկ» մրցանակներին:

Շնորհիվ միջազգային ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և վստահելի գործընկեր Ամերիաբանկը շարունակում է ակտիվ գործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ: Եվ այդ արդյունավետ գործակցության արդյունքում բանկն ունի ավելի քան 110 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ:

ՎԶԵԲ-ի շնորհած «Տարվա գործարք 2013» պատվավոր մրցանակը, համալրելով միջազգային տարբեր կառույցների և հեղինակավոր բանկերի կողմից ստացված մրցանակների շարքը, վկայում է առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի արդյունավետ և մշտապես ակտիվ գործունեության մասին: Ամերիաբանկն առևտրի ֆինանսավորման ոլորտում շարունակում է ընդլայնել համագործակցությունը ներկրողների և արտահանողների հետ: Այդ են վկայում ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով գրանցված ցուցանիշները, մասնավորապես` թողարկված ակրեդիտիվների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 43%-ով, իսկ քանակը` 40%-ով: Զգալի աճ է գրանցվել նաև թողարկված երաշխիքների մասով` հաշվետու ժամանակահատվածում թողարկված երաշխիքների ծավալն աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 148%-ով, իսկ քանակը` 90%:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---