ANCA-ն շարունակում է հորդորել ԱՄՆ կառավարությանը պարզել Թուրքիայի դերը Քեսաբի իրադարձություններում

ANCA-ն շարունակում է հորդորել ԱՄՆ կառավարությանը պարզել Թուրքիայի դերը Քեսաբի իրադարձություններում

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) շարունակում է հորդորել Օբամայի վարչակազմին ուղիղ պատասխան պահանջել Թուրքիայից հայաբնակ Քեսաբի վրա մարտի 21-ի հարձակման վերաբերյալ: Պետքարտուղարության հետ նամակների փոխանակման արդյունքում ANCA նախագահ Քեն Խաչիկյանը նշել է, որ ԱՄՆ հայ համայնքը մտահոգված է այն հանգամանքով, որ վարչակազմը չի ցանկանում պատասխանել պարզ հարցի. «Արդյո՞ք Թուրքիայի սադրանքը Քեսաբի վրա հարձակման պարագայում ԱՄՆ կառավարության հետ գործարքի հետևանք է»:

ANCA-ն հիշեցնում է, որ մայիսի 15-ին Կոմիտեն նամակ է հղել պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին, որտեղ ասվում էր, որ ԱՄՆ հայ համայնքը արժանի է իմանալ Թուրքիայի դերի մասին, որը ԱՄՆ դաշնակիցն է ՆԱՏՕ-ում: «Մեր կառավարության ուսումնասիրության արդյունքում հաստատվեց, որ Թուրքիան ոչ մի դերակատարություն չի ունեցել Քեսաբի դեմ հարձակման ժամանակ, սակայն ԶԼՄ-ները գրում են Անկարայի մասնակցության մասին: Սպիտակ տան վարչակազմը պետք է վճռական կերպով և հրապարակավ դիմակայի Թուրքիային «Ալ Քայիդայի» հետ գործարքի համար: Ամեն դեպքում մենք խնդրում ենք վարչակազմին գործակցել բոլոր կոնգրեսականների հետ, որոնք վարում են հետանքննությունը: Կոնգրեսական Բրեդ Շերմանը առանցքային դեր ունեցավ այն հարցում, որ կոնգրեսականները իրազեկվեն Քեսաբի դեմ հարձակման մասին»,-ասվում է նամակում: Ավելի վաղ, մայիսի 2-ի ANCA-ն նամակ ստացավ Պետքարտուղարությունից, որտեղ Նուլանդը անուղղակիորեն մեկնաբանեց Թուրքիայի դերը, ասելով. «Մենք հիշեցրեցինք Թուրքիային սահմանամերձ վայրերում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտականությունների մասին, որպեսզի զինյալ խմբավորումները չկարողանան օգտագործել թուրքական տարածքը քաղաքացիական անձանց դեմ գործողությունների համար»: Չնայած Անկարայի մասնակցության վերաբերյալ բազում ապացույցներին, պետքարտուղարի օգնական Նուլանդը կրկնեց Թուրքիայի պատասխանը. «Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ իրենք մեղսակից չեն բնակչության փախուստին Քեսաբից և թույլ չեն տվել զինյալներին հատել սահմանը Սիրիայի հետ»: Այս նամակում Նուլանդը նշել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումն առ այն, որ կարևոր է, որպեսզի հայ քրիստոնյաները կարողանան հետագայում ևս ապրել ու բարգավաճել իր նախնիների հողում:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան:

Քեսաբի իրադարձություններից հետո համացանցում զետեղվեց Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ԱԳՆ խորհրդական Ֆիրուդին Սինիրլիօղլուն, բանակի գեներալ Յաշար Գյուլերը:

Ձայնագրության մեջ ԱԳ նախարար Դավութօղլուն հայտնում է վարչապետ Էրդողանին, որ Սուլեյման շահի դամբարանը հնարավորություն է Սիրիա ռազմական ներխուժման համար: Հաքան Ֆիդանին պատկանող ձայնը պնդում է. «Եթե անհրաժեշտ է, ես չորս մարդ կուղարկեմ Սիրիա ու հրթիռներ կարձակեմ Թուրքիայի վրա՝ պատրվակ ստեղծելով պատերազմի համար: Մենք հարձակում կգործենք Սուլեյմանի դամբարանի վրա»:

Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է պաշտպանել իր տարածքը Սիրիայում: «Մեր զինված ուժերը պատրաստ են զանկացած զարգացումների»,-ասել է նախարարը:

Դամբարանն ու նրա մերձակայքը Սիրիայում համարվում են Թուրքիայի տարածքը, այն հսկում են թուրք զինվորականները:

Մարտի 26-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում հերքում է Քեսաբի ու շրջակա գյուղերի վրա հարձակման ժամանակ իր տարածքն օգտագործելու և իր կողմից զինյալներին օժանդակելու մասին պնդումները՝ դրանք որակելով անհիմն և սխալ:

«Գտնում են, որ որոշ շրջանակների՝ Քեսաբի շրջանում դեպքերի և անցյալի ցավալի իրադարձությունների միջև զուգահեռներ տանելու ջանքերը քաղաքական քարոզչության փորձեր են և դատապարտում ենք դրանք: Համաձայն մարդասիրական և բարոյական պատասխանատվության, Թուրքիան տեղեկացրել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին Սիրիայի Քեսաբի շրջանի հայերին իր երկրում ընդունելու և նրանց անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին: Բացի այդ՝ հայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացվել են այս հարցի շուրջ պաշտոնական ուղիներով:

Սիրիահայերի, ինչպես նաև մյուս սիրիացիների պահանջները բավարարելու համար անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու»,- ասված է հայտարարության մեջ:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 160 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:Ասյ ընթացքում մոտ 100 հայ է զոհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---