ՀՀ Գլխավոր շտաբի ղեկավարը հայ-ռուսական հարաբերություններում որեւէ փոփոխություն չի տեսնում

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը անթույլատրելի է համարում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ հայ-ռուսական հարաբերությունների փոխկապակցումը: «Հայ-ռուսական հարաբերություններում ես որեւէ փոփոխություն չեմ տեսնում: Ե'վ նախագահը, ե'ւ պաշտպանության նախարարը իրենց ելույթներում միշտ ասում են, որ մենք եղել ենք, կանք ու կլինենք ռազմավարական դաշնակիցներ»,- հայտարարել է Մ. Հարությունյանը: Նա նաեւ ավելացրել է, որ այսօր Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ մտնելու հարց չկա:



«Մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ անդամ, իսկ մի պետությունը չի կարող միաժամանակ երկու ռազմական կազմակերպությունների անդամ լինել»,- ընդգծել է նա: «Ես կարծում եմ, որ մենք հեռանկարում եւս կլինենք ՀԱՊԿ-ում, ինչը մեր պետության անվտանգության բաղկացուցիչ մասերից է»,- ասել է Գլխավոր շտաբի ղեկավարը: Միեւնույն ժամանակ, նա ավելացրեց, որ Հայաստանը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ այլ երկրների հետ: «Ես նակտի ունեմ Եվրամիության անդամ-երկրները եւ ՆԱՏՕ-ի անդամ-պետությունները»,- ընդգծել է Մ. Հարությունյանը: «Մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ նորմալ են զարգանում, մենք դաշնակցության ինդիվիդուալ ծրագիր ունենք»,- ավելացրել է նա, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
---