Դեսպան. ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին և Ուկրաինայի եվրաինտեգրումը չեն խանգարի Երևան-Կիև հարաբերություններին

Դեսպան. ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին և Ուկրաինայի եվրաինտեգրումը չեն խանգարի Երևան-Կիև հարաբերություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին և Ուկրաինայի եվրաինտեգրումը չեն խանգարի Երևանի ու Կիևի հարաբերությունների զարգացմանը, հունիսի 11-ին լրագրողներին է ասել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

Դեսպանը նշել է, որ Ուկրաինան առաջիկայում մտադիր է ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը և ենթադրել է, որ դա տեղի կունենա հունիսի 27-ին Բրյուսելում: Ըստ նրա, հեռանկարում Ուկրաինան մտադիր է դառնալ ԵՄ լիիրավ անդամ:

«Բնականաբար, այդ քայլերից հետո ինչ-ինչ հարցեր կառաջանան Ուկրաինայի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում և հարկ կլինի որոշակի փոփոխություններ կատարել երկկողմ նորմատիվ ակտերում, բայց, ես կարծում եմ, որ այդ գործընթացն այնքան էլ երկար չի տևի և հեշտ լուծում կստանա»,-ասել է Կուխտան: Դեսպանն ընդգծեց, որ, չնայած տարբերություններին երկու երկրների կողմնորոշման առումով, Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն տրամադրված է զարգացնել, խորացնել ու ընդլայնել կապերը Հայաստանի հետ, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Մարտի վերջում, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրական գնահատեց Ղրիմում հանրաքվեի արդյունքները, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հետ կանչվեց Կիև: Նա վերադարձավ Երևան կիրակի օրը: Ինչպես հայտարարեց Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվության քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը, փաստացի այս շաբաթ Իվան Կուխտան ձեռնամուխ եղավ իր պարտականությունների կատարմանը: Ըստ նրա, Ուկրակնայի ԱԳՆ-ն որոշում կայացրեց դեսպանին վերադարձնելու մասին, երբ Հայաստանը շնորհավորեց Պորոշենկոյին Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Հայկական կողմը ողջունեց Ուկրաինայի նախագահի ընտրությունն ու Ուկրաինայի հետ կառուցողական համագործակցության հույս հայտնեց»,-հայտարարել է Պերեբեյնիսը:

Իվան Կուխտան հայտնեց, որ Գերագույն ռադան կքննարկի ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալու հարցը: «Երբ տեղի ունեցավ ուկրաինական ճգնաժամը, Ուկրաինան նախագահում էր ԱՊՀ-ում: ԱԳՆԽ նիստ հրավիրելու նրա բազմաթիվ հորդորները անպատասխան մնացին, ԱԳՆ ղեկավարները չսատարեցին մեզ: Ուստի, բնական է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան ու կառավարությունը որոշել են, որ եթե այդ կազմակերպությունն անարդյունավետ է, նման կազմակերպության աշխատանքի արդյունքները ձեռնատու չեն Ուկրաինային»,-ասել է նա: Ըստ դեսպանի, Ուկրաինայի կառավարությունն արդեն ներկայացրել է փաստաթղթերը Գերագույն ռադա ԱՊՀ-ից դուրս գալու վերաբերյալ: «Համապատասխան որոշումը կայացնելու է Ուկրաինայի Գերագույն ռադան»,-ասել է նա: Կուխտան հավելել է, որ Ուկրաինան արդեն հրաժարվել է նախագահությունից ԱՊՀ-ում 2014 թ., և այն փոխանցվել է Բելառուսին:

Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: Եվրասիական տնտեսական համաժողովի մասին պայմանագրի նախագծում ձևակերպվել է էներգետիկ շուկայի հիմնարար կառուցվածքը, որով կողմերը պայմանավորվել են, որ 2025 թվականից ոչ ուշ կսկսեն գործել նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաները: 2016 թվականին նախագահները կհաստատեն այդ շուկաներից յուրաքանչյուրի ձևավորման հայեցակարգը: 2018 թվականին կհաստատվի այդ շուկաների ձևավորման ծրագիրը: Ընդհանուր շուկաների աշխատանքը գործարկելու համար հարկ կլինի հատուկ միջազգային պայմանագրեր ստորագրել: Մինչ 2025 թվականը այդ հարցերը կկարգավորվեն ըստ 2010 թվականին կնքված համաձայնգարերի:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը: «Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---