Երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների չափերը կվերանայվեն. ԱԺ-ն կքննարկի օրինագիծը

Երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների չափերը կվերանայվեն. ԱԺ-ն կքննարկի օրինագիծը

PanARMENIAN.Net - Կառավարության հունիսի 17-ի արտահերթ նիստում հավանության է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը կազմել է ՀՀ վարչապետի 2014թ. մարտի 27-ի որոշմամբ ստեղծված ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտման համար նախատեսված տուգանքի չափերի վերանայման աշխատանքային խումբը:

Մարտի 27-ի նիստում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ տուգանքների խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում է և շատ հաճախ դժգոհությունների տեղիք է տալիս։ Նա առաջարկել էր աշխատանքային խումբ ստեղծել, որը կպատասխանի հետևյալ հարցերին․ Որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, համաչափ են արդյոք օրենսդրությամբ նկարագրված դեպքերը, երբ կիրառվում են տուգանքներ, օրենսդրության մեջ կա՞ն բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան և միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք ընտրել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի քաղաքացիները նույնպես ընդունեն, որ օրենսդրությունը և տուգանքների չափերը, որ կիրառվում են ՀՀ-ում, արդար են: Աշխատանքային խումբը գլխավորում էր արդարադատության նախարարությունը՝ ներառելով դրանում բոլոր շահագրգիռ մարմիններին, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին, այն մարմիններին, որոնք ունեն ակտուարական հաշվարկներ իրականացնելու հնարավորություն, որպեսզի մենք վիճակագրություն ներկայացնենք հանրությանը, թե հաճախակի խախտումները որոնք են, այդ խախտումների քանակը, տուգանքների չափը և արդյունքների մասին զեկուցենք նաև հանրությանը, ինչպես նաև ներկայացնենք օրենսդրական առաջարկություններ։

Նախագծով վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա: Եվ 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելը տուգանվում է յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի՝ հազար դրամի չափով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ օրենքում առաջարկվող փոփոխություններն համակողմանիորեն քննարկվել են պատկան մարմիններում, երեկ դրանց վերաբերյալ կարծիք է հայտնել ՀՀ նախագահը: «Մեծ զիջում ենք անում, - հավելել է վարչապետը, - տուգանքների չափը նվազեցնում ենք 50 տոկոսով, նաև առաջարկում, որ նոր օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե սեպտեմբերի 1-ին, ինչպես ծրագրվում էր, այլ անմիջապես օրենքն ընդունելու պահից»:

Հունիսի 18-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ սահմանված կարգով կներկայացվի օրենքի նախագիծը:

Օրինագծում, մասնավորապես, նշվում է, որ հասարակության խոցելի զանգվածը, հաշվի առնելով տեխնիկական սարքերով հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը, բողոքում էր վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների մեծ չափերից: Օրինակ՝ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը 1-10 կմ/ժ-ի դեպքում կտուգանվի 10.000 դրամով, 11-30 կմ/ժ-ը՝ 30.000 դրամով:

Նոր օրինագծով 1-20 կմ/ժ գերազանցելու դեպքում յուրաքանչյուր կմ-ի համար կսահմանվի 1.000 դրամ տուգանք: Այսինքն, սահմանվածից 5 կմ/ժ գերազանցած վարորդը պետք է 5.000 դրամով տուգանվի, 20 կմ/ժ գերազանցողը՝ 20.000-ով: 21-30 կմ/ժ-ով սահմանված արագության գերազանցելու դեպքում կկիրառվի հաստատուն 30.000 դրամ տուգանք:

31-50 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու համար առաջարկվում է սահմանել 100.000 դրամ տուգանք, 51 և ավելի կմ/ժ-ով գերազանցելու համար` 200.000 դրամ: Առանց վարորդական իրավունքի կամ ուժը կորցրած վարորդական իրավունքով ավտոմեքենա վարելու համար գործող 5.000 դրամն առաջարկվում է դարձնել 3.000:

Առաջարկվում է նաև առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելու համար տուգանել` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 10.000, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 50.000 դրամ:

Կվերանայվեն նաև ավտոմեքենա վարելիս հեռախոսով խոսելու (3.000-ից դարձնել 5.000), կանգառներում ավտոմեքենա կայանելու (10.000-ից դարձնել 5.000), հետիոտնի գծանշման մասում ավտոմեքենան կանգնեցնելու (20.000-ից դարձնել 15.000) և հասարակական տրանսպորտի վարորդների և բեռնատարների վարորդների կողմից երրորդ գծով ավտոմեքենան վարելու (5.000-ից դարձնել 7.000) համար նախատեսված տուգանքների չափերը:

Առաջարկվում է երթևեկության կանոնների խախտման համար վարչական տուգանքները 30 օրվա ընթացքում չվճարելու համար սահմանել տուգանքի չափի 25 տոկոս ավելացում (գործող օրենսդրությամբ` եռապատկվում է), իսկ 60 օրում չվճարելու դեպքում՝ 50 տոկոսի ավելացում (գործող օրենսդրությամբ` հնգապատկվում է):

Ապրիլի սկզբին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Մասնավորապես, առաջարկվում էր սահմանված առավելագույն արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանք սահմանել 3.000 դրամ՝ գործող 10.000 դրամի փոխարեն: Առաջարկվում է՝ սահմանված առավելագույն արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելու պարագան դիտարկել որպես առանձին իրավախախտում և դրա համար տուգանք սահմանել 6.000 դրամը:

Նախագծով առաջարկվել էր տուգանքները թեթևացնել այն խախտումերի պարագայում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «համեմատաբար նվազ վտանգավոր»: Առաջարկվում էր նաև վերացնել չվճարված տուգանքների եռապատկման և հնգապատկման պրակտիկան, եռապատկումը փոխարինելով մեկուկես անգամով, հնգապատկումը՝ կրկնապատկումով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---