ՀՀ-ի անդամակցումը ՄՄ-ին և Վրաստանի ասոցացումը ԵՄ-ին չեն խանգարի փոխհարաբերություններին. Նախագահը՝ Թբիլիսիում

ՀՀ-ի անդամակցումը ՄՄ-ին և Վրաստանի ասոցացումը ԵՄ-ին չեն խանգարի փոխհարաբերություններին. Նախագահը՝ Թբիլիսիում

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահի նստավայրում հունիսի 18-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Հայաստանի և Վրաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից է:

«Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ և ամրությամբ: Մենք մշտապես հարգել ենք միմյանց որոշումները` գիտակցելով, որ յուրաքանչյուրիս առաջնահերթ նպատակն է սեփական պետության ամրապնդումը և ուրախացել ենք դրանով, քանի որ Հայաստանն ու Վրաստանը ուժեղ են միմյանցով և միմյանց հետ:

Ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթանն է տնտեսական գործակցության աշխուժացման համար: Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական գործակցության բնագավառում արդեն ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը և բազմաթիվ այլ ոլորտներ: Ե՛վ անցյալ տարի, և՛ ընթացիկ տարում մենք գրանցել ենք առևտրաշրջանառության աճ»,- ասել է նա և վստահություն հայտնել, որ մենք ունենք դեռևս չօգտագործված շատ մեծ ռեզերվներ:

«Մենք կարևորեցինք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի և տարբեր խմբերի աշխատանքը, պայմանավորվեցինք, որ պետք է ակտիվացնել այդ շփումներն ու փոխանակումներն: Սա հնարավորություն կտա այդ խմբերին քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները և, իհարկե, ձեռք բերել նոր պայմանավորվածություններ: Անդրադարձանք, անշուշտ, նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրացի գործընկերներին ներկայացրեցինք այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, մասնավորապես՝ այս համատեքստում Վրաստանի հետ փոխշահավետ տնտեսական գործակցության հեռանկարները:

Ես խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում և հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում»,-նշել է նախագահը:

Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման պահպանումը:

«Սա ևս չափազանց կարևոր հանգամանք է: Վրաստանի նախագահի հետ մենք միակարծիք ենք, որ բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Անշուշտ, մենք անդրադարձանք նաև մեր հումանիտար համագործակցությանը, քանի որ միգուցե մի քիչ պատկերավոր եմ ասում, իմ կարծիքով, մեր գործակցությունը հումանիտար ոլորտում կարևոր է նույնիսկ, քան գործակցությունը տնտեսության ոլորտում, որովհետև մենք շատ-շատ երկար ենք ապրել այս տարածաշրջանում և բազմաթիվ են դեպքերը, երբ մենք ունեցել ենք մշակութային ներթափանցումներ, այսինքն՝ հարստացել է և՛ վրացական մշակույթը, և՛ հայկական: Եվ, իհարկե, շատ շնորհակալ եմ Վրաստանի նախագահին, որ ընդունեց մեր առաջարկը՝ այսօր Թբիլիսիում անցկացնել համերգ՝ նվիրված մեծ արվեստագետ Սայաթ-Նովայի հոբելյանին, որի արվեստը, որի ստեղծագործությունն ամենավառ օրինակն է մշակութային փոխլրացման, մշակութային ներթափանցման»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ նաև հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Նրանք քննարկել են հայ-վրացական միջպետական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության բացառիկ նշանակությունը Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և խորացման գործում:

Սերժ Սարգսյանը և Դավիթ Ուսուպաշվիլին համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է պարբերական դարձնել միջխորհրդարանական բարեկամության խմբերի, խորհրդարանների մշտական հանձնաժողովների հանդիպումները՝ ի նպաստ երկկողմ կապերի առավել սերտացման և երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շփումների ակտիվացման:

Միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորելով բարձր մակարդակի փոխայցելությունները՝ Հայաստանի նախագահը և Վրաստանի խորհրդարանի նախագահը վստահություն են հայտնել, որ ներկայիս հանդիպումը նոր խթան կհաղորդի երկու եղբայրական ժողովուրդների շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-վրացական ավանդական բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին:

Սերժ Սարգսյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում երեկոյան ներկա է կգտնվել նաև Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա համերգին: Պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի անունից՝ ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ընթրիք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---