Ուկրաինայում ակտիվացել են ռազմական գործողությունները. Պորոշենկոն խոստացել է գրոհել արևելյան շրջանները

Ուկրաինայում ակտիվացել են ռազմական գործողությունները. Պորոշենկոն խոստացել է գրոհել արևելյան շրջանները

PanARMENIAN.Net - Հուլիսի լույս 1-ի գիշերը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց հրադադարի կասեցման մասին, քանի որ ահաբեկիչները չեն կատարում խաղաղ պլանի պայմանները: Հրաման է արձակվել գրոհել ու ոչնչացնել գրոհայիններին: Պորոշենկոն, որը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայի արևելքում բռնությունը բորբոքելու մեջ, մերժել է Մոսկվայի առաջարկը և մեղադրել է ապստամբներին նրանում, որ վերջիններս չեն կատարել հրադադարի պայմաններն ու չեն հետևել խաղաղության ծրագրին:

«Մենք գրոհելու ենք ու ազատագրելու ենք մեր հողերը: Հրադադարի ռեժիմը չշարունակելու որոշումը մեր պատասխանն է ահաբեկիչներին, գրոհայիններին»,-ասել է նա հեռուստաելույթում:

Բացելով Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը՝ խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարեց, որ «հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը վերսկսվել է երեքշաբթի առավոտյան»: «Ես այսօր շփվել եմ պաշտպանության նախարարի ու ներքին գործերի նախարարի հետ: Առավոտից վերսկսվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը: Մեր զինված ուժերը հարվածներ են հասցնում ահաբեկիչների հենակետերին ու բազաներին»,-ասել է նա, գրում է «Սեգոդնյա.ռու»-ն:

Ըստ Informing.ru-ի, կառավարական ուժերը գրոհ են սկսել Դոնբասի կամավորականների դեմ: Ուկրաինական բանակը գնդակոծում է աշխարհազորայիններին երկրի հյուսիսում:

Տվյալներ կան նաև Կարմիր Լիմանի շրջանի գնդակոծության մասին: Բացի այդ, ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկություններ ունեն, որ կրակ է բացվել Սեվերոդոնեցկում աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ: Կրամատորսկում գնդակոծվել է երթուղային ավտոբուսը, չորս մարդ զոհվել է տեղում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Դոնեցկի շրջանային վարչակազմի վրա հղումով:

«Եվս 5 մարդ վիրավորվել է, տուժածները տեղափոխվել են քաղաքի բուժհաստատություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 1-ի գիշերը ուկրաինական բանակը վերսկսեց Կրամատորսկի հրետակոծությունը: Ըստ նախնական տվյալների, արկերից մեկը պայթել է արյան փոխներարկման կենտրոնում: Այժմ քաղաքի տարբեր հատվածներից հաղորդագրություններ են ստացվում գնդակոծության մասին:

Մինչդեռ, Լուգանսկի ժողովրդական հանրապտետության աշխարհազորայինները պատրաստ են քննարկելու զենքը վայր դնելու հարցը միայն, եթե ուկրաինական զորքերը դուրս գան հանրապետության տարածքից:

«Կամավորականներին ուղղված զենքը վայր դնելու բոլոր հորդորները կարող են քննարկվել ուկրաինական զորքերը դուրս բերելուց հետո»,-հայտարարել է Լուգանսկի վարչապետ Վասիլի Նիկիտինը՝ մեկնաբանելով Պորոշենկոյի հրադադարը երկարացնելուց հրաժարվելու մասին որոշումը:

«Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմին, ապա այն որպես այդպիսին չէր պահպանվում»,-ասել է Նիկիտինը: Ընդ որում նա հերքել է Կիևի մեղադրանքները հրադադարը չպահպանելու հարցում: «Ամեն ինչ ճիշտ հակառակն էր. հրադադարը չեն պահպանել ուկրաինական զինված ուժերը»,-հայտարարել է Նիկիտինը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հունիսի 27-ին համաձայնվել են երկարացնել հրադադարը մինչև հունիսի 30-ը, հայտարարել էր ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Բորոդայը: «Մեզ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն որոշել է դադարեցնել կրակը մինչև հունիսի 30-ը, մենք ևս մեր կողմից դադարեցնում ենք կրակը նույն ժամկետով»,-հայտարարել էր Բորոդայը:

Նույն օրն Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն որոշեց երկարացնել հրադադարի ռեժիմն արևելքում 72 ժամով: Ավելի ուշ նա հայտարարեց, որ հետագա քայլերի մասին որոշում կկայացնի Բրյուսելից Կիև վերադառնալուն պես: Հունիսի 27-ի երեկոյան սպառվեց հրադադարի ժամկետը, որի մասին պայմանավորվել էին Ուկրաինայի իշխանություններն ու ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները:

Դոնբասում հրադադարի մասին Պորոշենկոն հայտարարել էր հունիսի 20-ին: Նա պահանջել էր կամավորականներից զինաթափվել: Այնուամենայնիվ, որպես այդպիսին հրադադարը չկայացավ. փաստացի այն ձախողվեց հենց առաջին օրը, որի համար կողմերը միմյանց են մեղադրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---