ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ բանաձևի նախագիծ է ընդունել. Ճնշում են հետաքննող լրագրողներին

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ բանաձևի նախագիծ է ընդունել. Ճնշում են հետաքննող լրագրողներին

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ընդունվել է Ադրբեջանում կոռուպցիայի մասին գրող հետաքննող լրագրողների նկատմամբ ճնշումների մասին բանաձևի նախագիծ, որը հուլիսի 3-ին հրապարակվել է ԵԽԽՎ կայքում։ Այն ԵԽԽՎ-ում նախաձեռնել է ՀՀ պատվիրակությունը՝ ի դեմս Արփինե Հովհաննիսյանի։

Բանաձևի նախագծով Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում կոռուպցիոն բացահայտումներ կատարող հետաքննող լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումների ամենաբարձր մակարդակի կապակցությամբ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց ուղղված քննադատությունները լռեցնելու ամենավառ օրինակն Ադրբեջանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան է։

Ինչպես նշվում է բանաձևի նախագծում, Transparency International-ի 2013թ․-ի կոռուպցիայի ինդեքսով Ադրբեջանը հայտնվել է 127-րդ տեղում, ինչը ևս վկայում է այնտեղ կոռուպցիայի մասշտաբների և տարածվածության մասին։

Բանաձևում ասվում է, որ Ադրբեջանն այն երկրների թվում է, որտեղ զրպարտությունը դիտվում է որպես քրեական հանցագործություն։ Ավելին, վերջերս ընդունված օրենսդրությունը այն տարածեց նաև առցանց լրատվամիջոցների վրա։ Այս լույսի ներքո, Ադրբեջանում արտահայտման իրավուքի սահմանափակումների առավել վատթարացման վերաբերյալ զեկուցել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, համապատասխան միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները։

ԵԽԽՎ-ն առաջարկված նախագծով համարում է, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել, պաշտպանել լրագրողներին և ակտիվիստներին և վերահաստատում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչը՝ ազատ արձակել բոլոր այն ազատազրկված անձանց, ովքեր բանտարկվել են իրենց կարծիքի և տեսակետի արտահայտման պատճառով, գրում է Panorama.am-ը։

Հունիսի 25-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ընդունվել է հայկական պատվիրակության նախաձեռնած գրավոր հայտարարությունը, որտեղ նշվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում իրավիճակի վատթարացման մասին։

Հայտարարության տակ ստորագրած պատգամավորներն իրենց խիստ մտահոգությունն են հայտնում Ադրբեջանի կողմից՝ իր պարտականությունների և պարտավորությունների համառորեն չկատարման վերաբերյալ։

Վեհաժողովը, որն Ադրբեջանին արդեն իսկ կոչ է արել իրականացնել իր պարտականությունները և հարգել ԵԽ արժեքները, ցավ է հայտնում, որ որևէ առաջընթաց չկա։ Ավելին, ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակ իրավիճակն ավելի է վատթարացել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---