Արցախը The European Times ամսագրի աշխարհի երկրների մասին բաժնում է

Արցախը The European Times ամսագրի աշխարհի երկրների մասին բաժնում է

PanARMENIAN.Net - The European Times հանդեսը հարցազրույցների շարք է հրապարակել Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրանց թվում են ինդուստրիալ ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, կրթության ու գիտության նախարար Սլավիկ Ասրյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը և արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Յուրաքանչյուր նախարարի հետ քննարկվել են ակտուալ ու կարևոր հարցեր Արցախում այս կամ այն բնագավառաի զարգացման վերաբերյալ:

Հատկանշական է, որ «Երկրներ» բաժնում հատուկ կատեգորիա կա Արցախի վերաբերյալ, որտեղ և հրապարակված են վերոնշյալ հարցազրույցները:

Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանը հարցազրույցում մասնավորապես նշել է, որ ԱԳՆ ջանքերն ուղղված են հիմնականում դրական միտումների ստեղծմանը ԼՂՀ անկախության պաշտոնական ճանաչման հարցում: The European Times –ը անկախ գործակալություն է, որը մասնագիտանում է պրոմո-ամսագրերի թողարկման վրա աշխարհի տարբեր երկրների ու տարածաշրջանների մասին խորացված տեղեկատվությամբ:

Ամսագրի հրապարկումները հեղինակություն են վայելում շուրջ 500 հազար եվրոպական ընկերությունների շրջանում, որոնք պատասխանատու են որոշումների կայացման համար և հասարակական կարծիք են ձևավորում, ինչպես նաև Եվրախորհրդարանի անդամների շրջանում:

Այսպիսով, հանդեսը կապող օղակ է հանդիսանում եվրոպացի ձեռնարկատերերի ու քաղաքական առաջնորդների միջև: Մեդիա-գործակալությունը ամենաթարմ տեղեկատվությունն է տրամադրում բիզնես հնարավորությունների և աշխարհում վերջին իրադարձությունների մասին:

The European Times հանդեսը կարելի է գտնել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի Առևտրային պալատում և առևտրային գրասենյակներում, Փարիզի Շառլ դը Գոլի և Լոնդոնի Հիթրոու օդանավակայանների VIP և բիզնես բաժիններում, Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում:

1991 թ. անկախություն հռչակելուց ի վեր Արցախը հաջողությամբ 5 խորհրդարանական ու 5 նախագահական ընտրություն է անցկացրել, որոնք միջազգային դիտորդները գնահատել են որպես ազատ, արդար ու թափանցիկ: Վերջին նախագահական ընտրությունները 2012-ի հուլիսին դրական գնահատական ստացան ավելի քան 80 միջազգային դիտորդների կողմից, որոնք ժամանել էին մոտ երկու տասնյակ երկրներից, այդ թվում ԱՄՆ-ից:

ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչերը գնալով ավելի մեծ տարածում են ստանում տարբեր երկրներում: Փետրվարի 27-ին Ֆրանսիայի խորհրդարանի անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուքեն և Գի Տեսյեն կոչ արեցին ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչը կնպաստի վերջնական խաղաղության հաստատմանը տարածաշրջանում:

Մայիսի 9-ին հայկական ամենամեծ համայնքն ունեցող ԱՄՆ նահանգի օրենսդիր իշխանությունը պատմական քայլ կատարեց՝ Կալիֆորնիայի պետական օրենսդիր ժողովը ձայների մեծամասնությամբ Արցախի անկախությունը ճանաչող AJR 32 բանաձև ընդունեց, որը ներկայացրել էր կոնգրեսական Մայք Գատտոն, գրում է Asbarez-ը: Դրանով նաև ԱՄՆ-ին կոչ է արվում ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

2012-ի հոկտեմբերի 24-ին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց ԼՂՀ անկախության ճանաչման ու անկախության հռչակման մասին: Բանաձևը ներկայացրել էր Մարի Ֆիկարոյը: Բանաձևը նաև կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու հարաբերություններ հաստատել նրա հետ:

2013-ի ապրիլի 23-ին Ֆրեսնոն դարձավ Կալիֆորնիայի առաջին շրջանը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Շրջանի հոգաբարձուների խորհուրդը բանաձև ընդունեց, որի հեղինական էր Խորհրդի ղեկավար Անդրեաս Բորգեսը, որով պաշտոնապես ճանաչվեց, որ ԼՂՀ-ն պատմականորեն և ազգաբնակչությամբ բուն հայկական տարածաշրջան է, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը:

2013-ի ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին աջակցել, որպեսզի ԼՂՀ-ն մասնակից դառնա ռազմավարական կարևորության տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

2013-ի մայիսի 30-ին Լուիզիանա նահանգը բանաձև ընդունեց ի սատարումն ԼՂՀ ջանքերի՝ ապրել որպես ազատ ու անկախ պետություն: «Լուիզիանա նահանգի Սենատը հորդորում է ու սատարում է ԼՂՀ տևական ջանքերն, ուղղված որպես անկախ ու ազատ պետության զարգացմանը, երաշխավորելու համար իր քաղաքացիների համար ազատ ու անկախ հանրությանը բնորոշ իրավունքների իրացումը: Որոշում ենք նաև հորդորել նախագահին ու Կոնգրեսին սատարել ԼՂՀ ինքնորոշման իրավունքին ու անկախությանը»,-ասվում է բանաձևում:

2012-ի օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որով կոչ արեց ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու անկախությանը: 2012-ի մայիսին ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգը ևս ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---