Ադրբեջանցի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին մեղադրում են պետդավաճանության մեջ

Ադրբեջանցի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին մեղադրում են պետդավաճանության մեջ

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ ձերբակալված և հօգուտ Հայաստանի լրտեսելու համար մեղադրվող հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսինն օգոստոսի 5-ին ևս ձերբակալվել է, հայտնում է France Press-ը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությանը հղումով:

Արիֆ Յունուսը ձերբակալվել է Բաքվի դատարանի կարգադրությամբ և կնոջ հետ միասին մեղադրվում է «պետական դավաճանության և հարկերի վճարումից խուսափելու» մեջ, ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության եզրակացությունում:

Արիֆ Յունուսի փաստաբան Հալիդ Բագիրովը հայտնել է, որ իր պաշտպանյալը կալանքի տակ կլինի երեք ամիս: «Նա ձերբակալվել է, երբ տեսակցության էր գնում ավելի վաղ կալանավորված տիկնոջ՝ Լեյլա Յունուսի հետ»,- ասել է Բագիրովը:

Հուլիսի 30-ին ադրբեջանցի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին, որը տարիներ շարունակ հանդես է գալիս Ադրբեջանի ու Հայաստանի հաշտեցման օգտին, պետական դավաճանության մեղադրանք ներկայացվեց 274 հոդվածով, ինչպես նաև հարկերի վճարումից խուսափելու՝ 2013 հոդված, ապօրինի ձեռնարկատիրության՝ 192 հոդված, փաստաթղթերի կեղծման՝ 320 հոդված, խոշոր չափերի խարդախության հոդվածով:

Լեյլա Յունուսին ձերբակալել են հուլիսի 30-ին իր տան մոտ: Այդ մասին հայտնել էր նրա ամուսինը՝ նշելով, որ երբ կինը դուրս էր եկել տնից և պատրաստվում էր խորհրդաժողովի գնալ, մեքենայի վրա հարձակվել էին ու տարել։

Ավելի վաղ իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը քարոզարշավ ծավալեց ի պաշտպանություն Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու: Կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ կասեցնել իրավապաշտպանի ու նրա ամունսու հետապնդումն ու հետաքննություն սկսել՝ պատասխանատվության կանչելով բոլոր նրանց, ով վատ է վարվել Յունուսի հետ:

Ըստ կազմակերպության տվյալների, ադրբեջանական Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը ձերբակալվեցին օդանավակայանում ապրիլի 28-ին: Նրանց հանեցին Դոհայով Փարիզ թռչող ինքնաթիռից, չնայած որ նրանք արդեն անցել էին սահմանային զննումը, երեք ժամ նվաստացուցիչ ստուգման ենթարկեցին, ստիպելով հանվել մինչև ներքնաշորերը: Հետո ձերբակալվածներին առանց բացատրությունների ու մեղադրանք ներկայացնելու տարել են բնակարան խուզարկության համար: Հաջորդ օրը խուզարկել են նաև նրանց գրասենյակը: Լեյլա Յունուսը հայտարարել է, որ ոստիկանները սպառնացել են բռնաբարել նրան, իսկ երբ նրա գործընկերներից մեկը հարցրել է՝ արդյոք նման պահվածքն ընդունելի է ոստիկանի համար, նա պատասխանել է. «Նա կին չէ: Նա ադրբեջանցի կին չէ: Նա հայուհի է»:

«Նրան բազմիցս են դատախազություն կանչել ու հարցաքննել անկախ լրագրող Ռաուֆ Միրկադրովի գործով, որի դեմ Հայաստանի օգտին լրտեսելու շինծու մեղադրանք է ներկայացվել»,- ասվում է հայտարարությունում:

Մինչ այդ, առցանց խորհրդաժողովի ժամանակ Լեյլա Յունուսը հայտարարեց, որ ձերբակալելով լրագրող Միրկադիրովին, «ադրբեջանական իշխանությունները ձգտում են վերջ տալ անկախ մարդկանց մասնակցությանը ժողովրդական դիվանագիտությանը»: Յունուսը նշել է նաև, որ թեև իր գլխավորած ինստիտուտի հանդեպ հետապնդումները նորություն չեն, սակայն այժմ դա սրվել է մի քանի պատճառներով: Առաջին հերթին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են վերահսկել բոլոր անկախ քաղաքացիական նախաձեռնությունները: Մասնավորապես, նրանց զայրացնում է www.publicdialogues.info համատեղ կայքը, որտեղ մարդիկ Հայաստանից ու Ադրբեջանից կարծիքներ են փոխանակում:

Անդրադառնալով ժողովրդական դիվանագիտության դերին՝ Յունուսը նշել է, որ թեև խաղաղ պայմանագիր կնքելը իշխանությունների լիազորությունն է, սակայն հասարակությունը պետք է իրազեկ լինի, թե ինչ է կատարվում: «Հակամարտություն ունեցող երկրի քաղաքացիների զոմբիավորումը վտանգավոր երևույթ է: Այդ ճանապարհը դեպի փակուղի է տանում: Ժողովրդական դիվանագիտությունը հնարավորություն է տալիս տեղեկատվություն փոխանակել երկու հանրությունների միջև»,-ասել է նա:

Մեկնաբանելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման հարցը՝ իրավապաշտպանն ասել էր, որ չի տեսնում նման հեռանկար: «Ռազմական հռետորաբանությունն արդեն վաղուց է հատուկ մեր ղեկավարներին: Բռնատիրական ռեժիմին արտաքին թշնամի է հարկավոր: Ես կարծում եմ, որ գոյություն ուեցող ստատուս քվոն ձեռնատու է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարներին»,-պարզաբանել էր նա: Յունուսը խոսել էր նաև հակահայկական տրամադրությունների մասին Ադրբեջանում՝ նշելով, որ 1994 թ. հետո Ադրբեջանում ատելություն է սերմանվում հարևան ժողովրդի հանդեպ: «Նույնիսկ դասագրքերում բոլոր մեղքերի մեջ մեղադրվում է հայ ժողովուրդը: Օրինակ, պարզվում է, որ մահմեդականներին սունիների ու շիաների են բաժանել քրիստոնյաները, այդ թվում հայերը»,-ասել էր նա՝ հավելելով, որ անթույլատրելի է այդ ոգով դաստիարակել երիտասարդ սերունդը:

Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---