Կասպրշիկն ուրախ է, որ Սոչիում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո իրավիճակն առաջնագծում կայունացել է

Կասպրշիկն ուրախ է, որ Սոչիում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո իրավիճակն առաջնագծում կայունացել է

PanARMENIAN.Net - Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում զգալիորեն կայունացել է: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Կասպրշիկը նշել է, որ օգոստոսի սկզբին շփման գծում իրավիճակը շատ լարված էր, անգամ տեղեկություններ կային սահմանները խախտելու, զոհերի, գյուղերի և տեղի բնակչության գնդակոծությունների վերաբերյալ: «ԵԱՀԿ գործող նախագահը, Մինսկի խմբի համանախագահները, այլ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ էին անում լրջորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- ասել է Կասպրշիկը:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

Ինչպես նշեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը, Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը հարցը քննարկվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, և հանդիպումից հետո իրավիճակը կայունացավ: «Դա միանգամայն դրական երևույթ է, հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի»,- ասել է նա:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Կասպրշիկը հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարբերաբար այցելում են տարածաշրջան և հանդիպումներ են ունենում երկու երկրների ղեկավարության հետ՝ հակամարտության կարգավորման ուղիներ որոնելու նպատակով: Նա նաև նշել է, որ կրակի դադարեցման ռեժիմն ուժի մեջ է մնում կողմերի համաձայնության շնորհիվ և դրա պահպանումը կախված է կողմերի կամքից: «Հրադադրի ռեժիմը չխախտելու համար երկու կողմերն են պատասխանատու»,- ասել է հատուկ ներկայացուցիչը «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում:

Կասպրշիկն ասել է, որ պատրաստ է մշտապես աջակցել կողմերի միջև վստահություն հաստատելու հարցում և նշել է, որ, համաձայն իր մանդատի, ջանքեր է գործադրում նոր գաղափարներ առաջարկելու ուղղությամբ: «Ես մեծ ուշադրություն եմ դարձնում այն բանին, թե ինչպես է պաշտպանված շփման գծում ապրող խաղաղ բնակչությունը, այցելում եմ գյուղեր և ծանոթանում այնտեղի իրավիճակին»,- ասել է նա:

Ըստ Կասպրշիկի, նա աշխատում է սատարել ռազմագերիների ու անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքին, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը գերված անձանց և դիերը վերադարձնելու հարցում: «Ընդհանուր առմամբ, աշխատում եմ վստահության միջոցառումներ անցկացնել, որոնք կթեթևացնեն իրավիճակն ու առաջխաղացում կարձանագրեն բանակցություններում»,-հավելել է Կասպրշիկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---