Նախագահը՝ ՆԱՏՕ-ում. ՀՀ-ում լավ գիտեն անվտանգության ու խաղաղության գինը

Նախագահը՝ ՆԱՏՕ-ում. ՀՀ-ում լավ գիտեն անվտանգության ու խաղաղության գինը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում՝ Նյուպորտում, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում:

ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձևաչափով վերջին այս հանդիպմանն ամփոփվել են Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները և նախանշվել նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները:

Հյուսիսատլանտյան դաշինքի երկօրյա գագաթնաժողովը մեկնարկել է այսօր: Դրան մասնակցում է կառույցի անդամ, ինչպես նաև գործընկեր 60 պետության առաջնորդ, այդ թվում` Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև ելույթ է ունեցել, որտեղ նշել է, որ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր և միջազգային անվտանգության ապահովմանն իր մասնակցությունը բերող պետություն` Հայաստանը 2010-ի փետրվարից ներգրավվել է Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցության ուժերում՝ մեկ տարի անց` 2011-ի հուլիսին, եռապատկելով իր զորախմբի թվաքանակը, տեղեկացնում են երկրի ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

«Անցած չորս ու կես տարիների ընթացքում հայ խաղաղապահները Միջազգային անվտանգության աջակցության ուժերի շրջանակում ձեռք բերեցին փոխգործակցության անգնահատելի փորձ: Հատուկ կառանձնացնեմ Գերմանիայի հետ Հայաստանի արդյունավետ գործակցությունը, որը, վստահաբար, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն և ուսանելի օրինակ է»,- նշել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանում լավ գիտեն թե´ անվտանգության, թե´ խաղաղության գինը, ինչի համար մեր երկիրն ստիպված է պայքարել գրեթե ամեն օր։

«Վաղն այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ։ Երկու տարբերակ կա. կա´մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ` ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, կա´մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում։ Կա´մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա´մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որևէ արժեք չտվող ու նման թղթերից թևեր առնող Ադրբեջանը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։

Ավելի վաղ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Երկու երկրների նախագահները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության և փոխշահավետ տարբեր ոլորտներում սերտ գործակցության մասին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ քննարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել առաջիկայում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախատեսվող եռակողմ հանդիպմանը: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում իրավիճակի և առկա մարտահրավերների շուրջ:

Մայիսին տարածաշրջան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն էր հայտնել Փարիզում ընդունելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են նաև բարձր մակարդակով ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերից բացի, զրուցակիցներն անդրադարձել նաև տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ֆրանսիական համագործակցությանը, երկու երկրների համար կարևորագույն հարցերում փոխադարձ աջակցությանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---