ՆԱՏՕ-ի երկրներն արագ արձագանքման ուժեր կստեղծեն և կօգնեն Ուկրաինային փողով ու զենքով

ՆԱՏՕ-ի երկրներն արագ արձագանքման ուժեր կստեղծեն և կօգնեն Ուկրաինային փողով ու զենքով

PanARMENIAN.Net - Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի անդամ 7 երկիր՝ Մեծ Բրիտանիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Դանիան, Նորվեգիան և Նիդերլանդները, պայմանագիր են ստորագրել արագ արձագանքման նոր ստորաբաժանում՝ միավորված էքսպեդիցիոն ուժեր, ստեղծելու մասին:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Էստոնիայի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով, համաձայնագրի ստորագրումից հետո կսկսվեն միավորված էքսպեդիցիոն ուժերի կառուցվածքային կազմի, նոր ստորաբաժանման անձնակազմի քանակի և մասնակից յուրաքանչյուր երկրի ավանդի վերաբերյալ բանակցությունները:

«Այդ ուժերի ստեղծումը կոնկրետ քայլ է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման կարողությունը բարձրացնելու ուղղությամբ»,- հայտարարել է Էստոնիայի կողմից փաստաթուղթը ստորագրած այդ երկրի պաշտպանության նախարար Սվեն Միկսերը:

Ուելսում կայացած գագաթնաժողովի կարևորագույն թեմաներից մեկն էր Ուկրաինայի արևելքում շարունակվող ճգնաժամը: ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի հայտարարությունը, որն ընդունվեց գագաթնաժողովում, ուղիղ մեղադրանք է Ռուսաստանին անկախ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու համար:

«Ռուսաստանի հայտարարություններին հակառակ, ՌԴ զորքերն անմիջապես ներգրավված են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում, Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել արևելյան Ուկրաինայի զինյալներին և հազարավոր պատերազմի պատրաստ զինվորներ է պահում Ուկրաինայի հետ սահմանին», ասվում է փաստաթղթում:

ՆԱՏՕ-ն 15 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային որպես ռազմական օգնություն: Ըստ Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի, օժանդակությունը կլինի կոնկրետ ու շոշափելի: Առանցքային ուշադրություն կդարձվի վիրավոր զինվորների վերականգնմանը, կիբերանվտանգությանը, լոգիստիկային, հրամանատարությանը, հսկողությանն ու հաղորդակցություններին:

Բացի այդ, Ուկրաինան պայմանավորվածությունների հասավ, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ բարձր ճշգրտության զենք կմատակարարեն Կիևին: Այդ մասին հայտարարել է նախագահ Պորոշենկոն՝ չհստակեցնելով, թե հատկապես որ երկրները կիրականացնեն առաքումները:

Դաշինքը նաև կուժեղացնի իր ներկայությունը սևծովյան տարածաշրջանում, մարտական ինքնաթիռներ տեղակայելով Ռումինիայում: Այդ մասին, ըստ Deutche Welle-ի, հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն, լրացուցիչ նշելով, որ ինքնաթիռների սպասարկման համար երկիր կժամանեն ՆԱՏՕ-ի մոտ 200 զինվոր: Երկրում տեղակյավելիք ինքնաթիռների քանակը Բեսեսկուն չի հայտնել:

Համաժողովում անդրադարձ է եղել նաև կիբերանվտանգությանը: Ըստ Բեսեսկուի, Ռումինիան կստանձնի Ուկրաինայի դեմ կիբերգրոհների հետ մղման ՆԱՏՕ-ի ծրագրի ղեկավարությունը: Գագաթնաժողովում Էստոնիայի ՊՆ ղեկավար Սվեն Միկսերը և ՆԱՏՕ-ի տրանսֆորմացիայի գծով գլխավոր հրամանատար գեներալ Ժան Փոլ Պալոմերոն մտադրությունների մասին պայմանագիր են ստորագրել Էստոնիայում ՆԱՏՕ-ի կիբերպոլիգոնի ստեղծման վերաբերյալ: «Դա կլինի վիրտուալ միջավայր, որտեղ հնարավոր կլինի ուսուցանել հրամանտարներին ու մասնագետներն ռազմավարական որոշումներ կայացնել կիբերանվտանգության ոլորոտում, անհատական ուսուցում անցնել, ինչպես նաև հրամանատարական զորավարժություններ անցկացնել: Այն կստեղծվի Էստոնիայի պաշտպանության ուժերի գործող կիբերլաբորատորիայի հենքի վրա, որտեղ արդեն անցկացվել են մի շարք միջազգային զորավարժություններ»,-հայտնել է Էստոնիայի ազգային հեռուստատեսությունը:

Գագաթնաժողովն աշխատանքը կավարտի սեպտեմբերի 5-ին ամփոփիչ բանաձևի ընդունմամբ: Դաշինքի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2016-ին Վարշավայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---