Անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարը խախտել է մոտ 200 անգամ

Անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարը խախտել է մոտ 200 անգամ

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալներով օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշում էր, թե աստիճանաբար դուրս գալով օգոստոսի սկզբին սահմանագծում դիվերսիոն գործողությունների անհաջողության պատճառած ցնցումից` Ադրբեջանը մեր երկրի նկատմամբ նոր մարտավարություն էորդեգրել, այս անգամ շեփորահարելով ՀՀ տնտեսության ծանր վիճակի, ներքաղաքական լարվածության, արտագաղթի և մարդու իրավունքների ոտնահարման մասին:

«Այս դատարկ հայտարություներին լրատվամիջոցներից զատ ներգրավված են նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնական օղակները, և անձամբ Իլհամ Ալիևը:

Իր տասնյակ զինվորներին անիմաստ մահվան ուղարկած նախագահը Սոչի մեկնելուց առաջ սահմանամերձ գոտում երիտասարդության և հասարակայնության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը հարձակումները վերագրելով հայկական կողմին, հանդես էր եկել ադրբեջանական բանակի կրած խայտառակ պարտությունը քողարկող հայտարարություններով և հավելել, թե Հայաստանի տնտեսություն քայքայված է, Երևանն իբր ընդունում է, որ ի զորու չէ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, երկիրը դատարկվում է և շփման գծի հայկական կողմը պահպանող կենդանի ուժ չկա:

Ադրբեջանի նման գործելաոճի նպատակն է Հայաստանը պահել մեկուսացման և շրջափակման մեջ, ստվեր նետել միջազգային ասպարեզում ՀՀ բարձր վարկանիշի վրա և հնարավորինս նվազեցնել զբոսաշրջության և ներդրումային հոսքերը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հայտարարում է, որ Հայաստանի զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: Իսկ Հայաստանը, որն ամբողջ աշխարհում հայտնի է իր բացառիկ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ և հյուրերի հանդեպ ջերմ ու բարեհամբույր վերաբերմունքով, միանգամայն անվտանգ երկիր է, ուր տիրում է օրենքի գերակայությունը, իսկ մարդու իրավունքները և ազատությունները համարվում են բարձրագույն արժեք»,- ասված էր հայտարարությունում:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---