Սարգսյան-Քերի-Ալիև հանդիպմանը խոսել են Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ պայմանագրի անհրաժեշտության մասին

Սարգսյան-Քերի-Ալիև հանդիպմանը խոսել են Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ պայմանագրի անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - Վերջերս Ուելսում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նշվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղ պայմանագրի անհրաժեշտությունը: Այդ մասին Բաքվում ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ Ուելսում հանդիպմանը Ջոն Քերին ծանոթացել է բանակցային գործընթացին և ուսումնասիրել նոր քայլերի հնարավորությունը»,- ասել է նա:

Մամեդյարովը նաև ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները կշարունակեն Նյու Յորքում՝ սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստի շրջանակում: Տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

«Հանդիպումը նախապատրաստելու համար ամսվա վերջում տարածաշրջան կայցելի ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը»,- ասել է նա, հայտնում է Trend գործակալությունը:

Ջոն Քերիի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Կողմերը քննարկել են բանակցային ներկա փուլին ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր: Կողմերը իրենց դիրքորոշումներն են ներկայացրել բանակցային գործընթացի վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղար Քերին մատնանշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, անհրաժեշտ է բացառել լարվածությունը, և կոչ է արել մեխանիզմներ գտնել լարվածությունը թուլացնելու ու կողմերի միջև վստահություն հաստատելու համար:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

Ջոն Քերին կարևորել է նաև, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և պատրաստակամություն է հայտնել աջակցելու խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը:

Ավելի ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ: «Ուելսում Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ վարեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ: Մենք պատրաստ ենք օգնել»,-գրել է ամերիկացի դիվանագետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---