Եվրախորհրդարանի փոխնախագահը հորդորում է Ավստրիայի ԱԳ նախարարին հրաժարվել Բաքու կատարելիք այցից

Եվրախորհրդարանի փոխնախագահը հորդորում է Ավստրիայի ԱԳ նախարարին հրաժարվել Բաքու կատարելիք այցից

PanARMENIAN.Net - Լրագրողուհի Յուտտե Բաուերին Ադրբեջանի մուտքի արտոնագիր չտրամադրելը հարձակում է մամուլի ազատության սկզբունքների դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից: «Այն, որ Ադրբեջանում քննադատաբար տրամադրված լրագրողների հետապնդումն ու պատիժը արդիական է, մենք վաղուց արդեն գիտենք և դատապարտում ենք: Ուստի մամուլի ազատության սահմանակափման տարածումը նաև օտարերկրացի լրագրողների վրա, ինչպես տվյալ դեպքում Ավստրիայի, ոչ մի դեպքում չի կարող անպատասխան մնալ»: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահ և Ավստրիայի Կանաչների շարժման ղեկավար Ուլրիկե Լունաչեկը:

«Ես կոչ եմ անում արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին չեղյալ հայտարարել այցն Ադրբեջան ու կապել դա լրագրողուհի Յուտտե Բաուերին մուտքի արտոնագիր չտալու հետ: Անընդունելի է, երբ հայտնի ավստրիացի լրագրողուհուն, որը ուղեկցում է Ավստրիայի ԱԳ նախարարին, հեռացնում են պատվիրակության կազմից ոչ համոզիչ փաստարկներով»,-հայտարարել է Լունաչեկը:

Ըստ Լունաչեկի, շուտով ընդհանրպես անհնար կդառնա որևէ օբյեկտիվ զեկույցի պատրաստումը Ադրբեջանի վերաբերյալ՝ դա ևս հակասում է ԵՄ Արևելյան գործընկերության պարտադիր ծրագրով ստանձնած պարտավորություններին, որը պետք է սատարի Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանն ու ժողովրդավարական բարեփոխումներին:

Եվրախորհրդարանի փոխնախագահի խոսքով, Ավստրիայի ԱԳ նախարարությունը ընդհատակյա կազմակերպություն չէ, ոչ էլ զբոսաշրջային գործակալություն: «Բաուերի դեպքում Ավստրիայի ԱԳ նախարարությունը պետք է որոշի՝ հավատարիմ է մնալու սեփական սկզբունքներին, թե պատրաստ է զոհաբերել մամուլի ազատությունը հանուն տնտեսական շահերի»,-ասել է Ուլրիկե Լունաչեկը, հայտնում է Panorama.am-ը ավստրիական «Austria Press Agency» գործակալության վրա հղումով:

Ավստրիացի լրագրող Յուտտե Բաուերին, որն ուղեկցում է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցին Հարավային Կովկասի երկրներ այցելությունների շրջանակում, Ադրբեջանի մուտքի արտոնագիր չեն տվել:

Ինչպես հայտնում է Haqqin.az-ը ավստրիական ԶԼՄ-ների վրա հղումով, նրան մերժել են, քանի որ վերջինս ընդգրկված է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Ինքը լրագրողուհին չի թաքցնում Լեռնային Ղարաբաղ այցելության փաստը, իսկ նրա գրած ռեպորտաժն այցելության մասին հրապարակվել է ավստրիական ԶԼՄ-ներում: Լրագրողուհու գործընկերները մերժումը կապում են նաև նրա քննադատության հետ Ադրբեջանի հասցեին: Սկանդալը չհաջողվեց մարել նույնիսկ Ավստրիայի պետքարտուղարի միջամտությունից հետո: Նշվում է նաև, որ Սեբաստիան Կուրցը այդ հարցը կարծարծի Բաքվում Ադրբեջանում խոսքի ազատության խնդրի համատեքստում:

Ադրբեջանական իշանությունները պաշտոնապես արգելում են այն անձանց մուտքը երկրի, ով այցելել է Լեռնային Ղարաբաղ: 2013 թվականին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրապարակեց Արցախ այցելած 335 անձանց հայտնի «սև ցուցակը»: Ավելի ուշ Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ երկրները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, պետք է «այդ երկրների «սև ցուցակների» փոխադարձ ուժի մասին համաձայնություն կնքեն, կամ էլ պայմանագիր ընդհանուր «սև ցուցակ» ստեղծելու մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր կնքել նաև Թուրքիայի հետ: Նշենք, որ իրենց անուններն այդ ցուցակում գտած անձանցից ոչ մեկը ափսոսանք չէր հայտնել Ղարաբաղ այցելելու համար: Հակառակը՝ միայն մեկ անգամ Արցախ այցելողները որոշեցին կրկնել այցը: Մարդիկ, որոնք չէին գտել իրենց անունները «սև ցուցակում», թեև եղել էին Ղարաբաղում, կոչ արեցին ադրբեջանական ԱԳՆ-ին շտկել սխալն ու անպայման իրենց «անցանկալի անձ» հայտարարել: Ցուցակում հայտնվել էին նաև մարդիկ, որոնք երբեք չէին եղել Արցախում, բայց այս պարագայում որոշեցին անպայման այցելել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---