Բուենոս Այրեսի իշխանությունները հրաժարվել են հրապարակներից մեկն անվանակոչել Ադրբեջանի պատվին

Բուենոս Այրեսի իշխանությունները հրաժարվել են հրապարակներից մեկն անվանակոչել Ադրբեջանի պատվին

PanARMENIAN.Net - Արգենտինայի հրապարակներից մեկի անվանափոխման նախագիծը հետ է կանչվել Բուենոս Այրեսի օրենսդիր ժողովից: Նախագիծը երկրի հայ համայնքի սուր քննադատությանն էր արժանացել, մասնավորապես մի շարք ձևակերպումների պատճառով, ինչպես օրինակ՝ Ադրբեջանի անկախության առաջին տարիները «մթագնեց հարևան Հայաստանի հետ ղարաբաղյան պատերազմը», կամ «Ադրբեջանը կարողացավ ոչ միայն խաղաղություն հաստատել տարածաշրջանում, այլև տնտեսական և քաղաքական կայունություն ապահովել իր ժողովրդի համար»:

Հարավային Ամերիկայում Հայ դատի հանձնախմբի տնօրեն Կարոլինա Ղարագյոզյանը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են շտկել երկրի իմիջը, որտեղ մշատպես խախտվում են մարդու իրավունքները:

«Նախագծում ասվում է, թե Ադրբեջանը փորձում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, այն դեպքում, երբ իրականում երկրի իշխանությունները բոյկոտում են միջնորդության փորձերը ղարաբաղյան հակամարտության հարցում, իսկ նախագահը սպառնում է շարունակել պատերազմը: Նախագահը հայտարարում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը միասին են աշխատելու «ցրելու համար առասպելը Հայոց ցեղասպանության մասին»: Բուենոս Այրեսի համար անընդունելի է տեղի տալը ադրբեջանական լոբբիին, որը շարունակում է ժխտողական քաղաքականությունը, այն դեպքում, երբ քաղաքում պատրաստվում են անդրադառնալ մարդկայնության դեմ այդ սարսափելի ոճրի 100-ամյա տարելիցին»,-ասել է նա:

Քննարկումից հետո օրինագծի հեղինակ Ալեխանդրա Կաբալերոն հայտարարել է, որ ետ է կանչում օրինագիծն ու ներողություն է խնդրել: «Ես լավ եմ ծանոթ հայ համայնքի հետ և կիսում եմ նրա ցավը: Ես սխալմամբ ստորագրել եմ նախագիծը՝ տարբեր երկրների պատվին հասարակական վայրերն անվանակոչելու վերաբերյալ այլ նախագծերի հետ միասին: Ցավում եմ, և ներողություն եմ խնդրում նրանցից, ում, հնարավոր է, ցավ է պատճառել դա, և ով իմ սխալի պատճառով իրեն վիրավորված է զգացել: Նաև շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր նախազգուշացրեցին ինձ իմ անփութության մասին», ասել է նա:

Ավելի վաղ Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունները, հաշվի առնելով հայ համայնքի դժգոհությունը, հրաժարվեցին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի արձանը կանգնեցնելու մտադրությունից: Ադրբեջանի իշխանությունները շատ են կարևորում տարբեր երկրներում նախկին նախագահ Հեյդար Ալիևի պատվին հրապարակների անվանակոչումն ու հուշարձանների տեղադրումը: Ճիշտ է, նման նախաձեռնությունները հակազդեցության էլ են հանդիպում: 2013-ին ապամոնտաժվեց Մեխկոյում արդեն կանգնեցված Հեյդար Ալիևի արձանը: Հուշարձանը որոշեցին հանել, երբ քննադատություն հնչեց Մահաթմա Գանդիի և Ուինսթոն Չերչիլի արձանների հարևանությամբ նման ոչ միանշանակ անցյալ ունեցող մարդու արձանը կանգնեցնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---