Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կքննարկի Երևանում և Բաքվում դեսպանների թեկնածությունները

Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կքննարկի Երևանում և Բաքվում դեսպանների թեկնածությունները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները, որոնց առաջադրել է նախագահ Օբաման:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել սենատորներին շատ ուշադիր ուսումնասիրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռոբերտ Սեկուտի նշանակման հարցը, ինչպես նաև խնդրել է տեղաբնակ հայերին դիմել նույն խնդրանքով Կոնգրեսում իրենց ներկայացուցիչներին:

«Սենատի կողմից Սեկուտի թեկնածության հաստատման հարցը թույլ է տալիս ԱՄՆ Կոնգրեսին վերահսկել հարաբերություններն Ադրբեջանի կառավարության հետ, որը պատասխանատու է տարածաշրջանում լարվածության աճի, իսկ սեփական երկրում այլախոհների ճնշումների համար: Հուսով ենք, որ Սեկուտի թեկնածությունը շատ մանրակրկիտ կուսումնասիրվի: Հանձնաժողովը ողջունում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածության համար ներկայացված Ռիչարդ Միլզին ընձեռված հնարավորությունը՝ ներկայացնել հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու իր ծրագրերը»,-հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ԱՄՆ նախագահ Օբաման առաջարկեց Ռիչարդ Միլզի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար ընթացիկ տարվա հուլիսին: Սենատում հավանության արժանանալու դեպքում նա կփոխարինի այդ պաշտոնում Ջոն Հեֆերնին: Այս պահի դրությամբ Ռիչարդ Միլզը ԱՄՆ փոխդեսպանն է Լիբանանում: Նա ստանձնել է այդ պաշտոնը 2012 թ.:

Միլզն աշխատել է նաև ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում Մալթայում, Փարիզում, Դուբլինում, Էռ Ռիադում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում: 1990-ականների սկզբին, ԽՍՀՄ փլուզումից հետո նա աշխատել է հյուպատոսական բաժնում անկախացած Հայաստանի ու Ադրբեջանի գծով:

2011 թ. մայիսին Բարաք Օբաման առաջադրեց Ջոն Հեֆերնի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որը մինչ այդ զբաղեցնում էր Մարի Յովանովիչը:

2011թ. սեպտեմբերին ԱՄՆ Սենատը հաստատեց Հեֆերնին դեսպանի պաշտոնում: Մինչ այդ, հուլիսի 27-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հետաձգել էր Հեֆերնի թեկնածության քննարկումը սենատոր Մենենդեսի խնդրանքով, որը հայտարարեց, որ իրեն ժամանակ է պետք ուսումնասիրելու համար Հեֆերնի պատասխաններն իր հարցերին:

2011 թ. հուլիսի 13-ին տեղի ունեցած լսումներում Ջոն Հեֆերնը, պատասխանելով սենատոր Մենենդեսի հարցին Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ղարաբաղյան հակամարտության մասին, հայտարարեց, որ «ԱՄՆ նախագահը սարսափելի է համարում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները»: Նա հիշեցրեց, որ նախագահ Օբաման հրապարակավ XX դարի ամենամեծ իրադարձություններից մեկն է համարել 1,5 մլն հայերի կոտորածը: «Նախագահը կոչ արեց Թուրքիային ու Հայաստանին միասին աշխատել հասնելու համար այդ փաստերի լիարժեք, բաց ու արդարացի ճանաչմանը: Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես իմ ուժերի չափով ամեն ինչ կանեմ կյանքի կոչելու համար նախագահի այդ տեսլականը»,-ասել էր Հեֆերնը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---