Բաքվի ապատեղեկատվական ավանդույթը. Տեղի ԶԼՄ-ները պատրիարք Կիրիլի փոխարեն «լրացրել են» Ղարաբաղի մասին հայտարարությունը

Բաքվի ապատեղեկատվական ավանդույթը. Տեղի ԶԼՄ-ները պատրիարք Կիրիլի փոխարեն «լրացրել են» Ղարաբաղի մասին հայտարարությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Մոսկվայում տեղի է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը Կովկասի Մահմեդականների հոգևոր վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:

Ինչպես ասվում է Մոսկվայի պատրիարքարանի պաշտոնական կայքում, հանդիպմանը Համայն Ռուսիո պատրիարքը հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնումը:

«Կցանկանայի ընդգծել ձեր կարևոր դերը ղարաբաղյան կարգավորման հարցում,-շարունակել է Ռուս եկեղեցու առաջնորդը, դիմելով Փաշազադեին:-Հարկավոր է շարունակել ջանքերը, քանի որ ղարաբաղյան խնդրի խաղաղ ու արդար լուծման այլ ճանապարհ չկա: Գիտեմ, որ դա նաև Ձեր համոզմունքն է»:

«Կարծում եմ, որ մեր հայ եղբայրների հետ համագործակցությամբ մենք կկարողանանք ճանապարհ հարթել դեպի խաղաղություն»,-հույս է հայտնել պատրիարք Կիրիլը:

Պատասխան խոսքում Կովկասի Մահմեդականների հոգևոր վարչության նախագահը երախտագիտություն է հայտնել պատրիարք Կիրիլին ղարաբաղյան խնդրին անդրադառնալու համար: «Գիտեմ, որ Դուք շատ բան եք անում այդ ուղղությամբ»,-ասել է Փաշազադեն:

Մինչդեռ, ադրբեջանական մամուլը, լուսաբանելով հանդիպումը, հավատարիմ է մնացել պաշտոնյաներին որոշ արտահայտություններ վերագրելու իր սովորությանը: Կամ, գոնե վերնագրում ցանկալին իրողության տեղ ներկայացնելը: Ադրբեջանական Haqqin.az-ը հրապարակել է հանդիպմանը ներկա ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլիի հաղորդագրությունը հանդիպման մասին «Ռուս ուղղափառ եկեղեցին չի պատկերացնում Ադրբեջանն առանց Ղարաբաղի» բարձրագոչ վերտառությամբ: Ընդ որում բուն տեքստում բառ անգամ չկա, որն իմաստով մոտ է այդ արտահայտությանը: Չի բացառվում, որ շուտով պատրիարք Կիրիլը հանդես կգա հերքումով, եթե, անշուշտ, նրա գրասենյակում կարդում են այդ կայքը:

Ավելի ուշ, ըստ ԱՊԱ գործակալության հաղորդագրության, Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել էր, որ առաջիկայում կարող է տեղի ունենալ եռակողմ հանդիպում պատրիարք Կիրիլի, իր և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի միջև: «Մենք քննարկեցինք այդ հանդիպումը (պատրիարք Կիրիլի հետ): Համաձայնության եկանք որոշ հարցերի շուրջ: Եվ պատրիարքը, և ես հանդիպումներ կունենանք Գարեգինի հետ: Առաջիկայում մենք կորոշենք հանդիպման օրը և հարցերը, որոնք քննարկվելու են հանդիպմանը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---