Ադրբեջանական «սև ցուցակը» կհամալրվի՞. 12 գրող է «համարձակվել» այցելել Արցախ

Ադրբեջանական «սև ցուցակը» կհամալրվի՞. 12 գրող է «համարձակվել» այցելել Արցախ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական «սև ցուցակը» շուտով կարող է համալրվել: Օրերս Հայաստանում կայացած «Գրական տապան 2014» միջազգային փառատոնին մասնակցած 12 օտարերկրյա գրող, ըստ ադրբեջանական լրատվականների, պետք է ներառվի Ադրբեջանի ոչ ցանկալի անձանց ցուցակում: Բանն այն է, որ գրողները փառատոնի շրջանակում այցելել են Հայաստան ու Արցախ, ինչով էլ իբրև թե «խախտել են «Պետական սահմանի մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքը»:

Սեպտեմբերի 18-28-ը Հայաստանում անցկացվեց ամենամյա «Գրական տապան» փառատոնը: Այս տարի «Գրական տապանը» հյուրընկալել է գրողների և բանաստեղծների աշխարհի 11 երկրից: Փառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից:

Vesti.az-ի հաղորդմամբ, ցուցակի թեկնածուներն են՝ Յանուշ Լեոն Վիշնևսկի (Լեհաստան), Սերժ Վենտուրինի (Ֆրանսիա), Կլաուդիո Պոցցանի (Իտալիա), Լադիսլավ Վետվիչկա (Չեխիա), Գալինա Կլիմովա (Ռուսաստան), Նիկոլա Մաձիրով (Մակեդոնիա), Մարկո Պոգաչար (Խորվաթիա), Քեյթ Ռոյսթեր (Դանիա), Ժիլ Ռոզիեր (Ֆրանսիա), Մեգ Ռոզոֆ (Մեծ Բրիտանիա), Քրիստին Խոբա (Գերմանիա), Վիկա Չեմբարցևա (Մոլդովա):

Ադրբեջանական լրատվականն առաջարկում է ցուցակում ներառել նաև այս տարի Ադրբեջան այցելած լրագրող Ալիսա Գանիևայի անունն այն բանի համար, որ վերջինս ևս փառատոնի շրջանակում այցելել էր Հայաստան և ԼՂՀ:

Միևնույն ժամանակ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա ու նամակ է հղել այդ երկրի արտաքին գործերի նախարարությանը, Ազգային ժողովին ու տուրիստական ցուցահանդեսի կազմակերպիչ-ընկերությանը՝ սեպտեմբերի 23-26-ը Փարիզում անցկացված ցուցահանդեսին Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Ֆրանսուա Ռոշեբլոունի՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տաղավարներ այցի առնչությամբ:

Ադրբեջանական իշանությունները պաշտոնապես արգելում են այն անձանց մուտքը երկրի, ով այցելել է Լեռնային Ղարաբաղ: 2013 թվականին Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրապարակեց Արցախ այցելած 335 անձանց հայտնի «սև ցուցակը»: Ավելի ուշ Բաքվում կարծիքներ հնչեցին, որ ՎՈւԱՄ անդամ երկրները՝ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, պետք է «այդ երկրների «սև ցուցակների» փոխադարձ ուժի մասին համաձայնություն կնքեն, կամ էլ պայմանագիր ընդհանուր «սև ցուցակ» ստեղծելու մասին: Առաջարկվեց նաև նմանատիպ համաձայնագիր կնքել նաև Թուրքիայի հետ: Նշենք, որ իրենց անուններն այդ ցուցակում գտած անձանցից ոչ մեկը ափսոսանք չէր հայտնել Ղարաբաղ այցելելու համար: Հակառակը՝ միայն մեկ անգամ Արցախ այցելողները որոշեցին կրկնել այցը: Մարդիկ, որոնք չէին գտել իրենց անունները «սև ցուցակում», թեև եղել էին Ղարաբաղում, կոչ արեցին ադրբեջանական ԱԳՆ-ին շտկել սխալն ու անպայման իրենց «անցանկալի անձ» հայտարարել: Ցուցակում հայտնվել էին նաև մարդիկ, որոնք երբեք չէին եղել Արցախում, բայց այս պարագայում որոշեցին անպայման այցելել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---