Թուրքիայի խորհրդարանը թույլ է տվել ռազմական գործողությունները Սիրիայում ու Իրաքում

Թուրքիայի խորհրդարանը թույլ է տվել ռազմական գործողությունները Սիրիայում ու Իրաքում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ի երեկոյան Թուրքիայի խորհրդարանը քվեարկեց Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններ ծավալելու մանդատ բանակին տրամադրելու օգտին: Ինչպես գրում է Hurriyet-ը, այժմ Թուրքիան բանակցություններ է ծրագրում ԱՄՆ ու հակաիսլամիստական կոալիցիայում Վաշինգտոնի դաշնակիցների գործողությանը հնարավոր աջակցության շուրջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ն Անկարայից թույլտվություն էր խնդրել օգտագործել «Ինջիրլիկ» ավիաբազան ԻՊ դիրքերին հարվածներ հասցնելու համար, սակայն Թուրքիան իր տարածքը չտրամադրեց: Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավար Նեսդետ Օզելը, մեկնաբանելով այս որոշումը, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԻՊ դիրքերի հարվածելու համար «երկու րոպե» կպահանջվի: Որպես հարվածի հարմար առիթ նա համարել է Սիրիայում թուրքական տարածք համարվող շահ Սուլեյմանի դամբարանի հնարավոր գրոհը, հայտնում է Sabah-ը:

Մի քանի շաբաթ առաջ ԻՊ ուժերը խոշորավածալ գրոհ սկսեցին Սիրիայի քրդաբնակ շրջանների դեմ: Արդյունքում փախստական դարձավ մոտ 150 հազար մարդ: Ընդունելով փախստականներին՝ Թուրքիան միաժամանակ թույլ չի տալիս քուրդ կամավորներին անցնել Սիրիայի տարածք ԻՊ դեմ մարտերին մասնակցելու նպատակով: Արդյունքում նույնիսկ բախումներ են տեղի ունեցել թուրք սահմանապահների ու քրդերի միջև, ամբխոը ցրելու համար արցունքաբեր գազ ու ջրանետ մեքենաներ են օգտագործվել:

Հատկանշական է, որ Էրդողանը հայտարարել է, թե թուրքական բանակը կարող է գործի դրվել Սիրիայում, եթե լինի միջազգային հանրության համաձայնությունը: Էրդողանի առաջարկներն անուղղակի կերպով պաշտոնական Դամասկոսի դեմ են ուղղված՝ թուրք նախագահն առաջարկում է Սիրիայի օդային տարածքի մի մասը թռիչքներից զերծ գոտի հայտարարել, այն դեպքում, երբ ապստամբներն ավիացիա չունեն, ստեղծել բուֆերային գոտի Սիրիայի ու Թուրքիայի միջև սիրիական տարածքի հաշվին (ինչը հեռանկարում կարգելակի սիրիական բանակի գործողությունները իսլամիստների դեմ) և զինել չափավոր ընդդիմությանը (որը կարող է զենքն ուղղել Ասադի դեմ): Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի դերը ԻՊ դեմ պայքարում կհստակեցվի կոալիցիայի հետ բանակցություններում, «և ինչպիսին էլ լինի այդ դերը, Թուրքիան այն կկատարի»,-ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիան հրաժարվեց մասնակցել ԻՊ դեմ գործողություններին, նրան կասկածում էին նաև ահաբեկիչներին ոչ հրապարակավ սատարելու մեջ: Մասնավորապես, Թուրքիայում ԱՄՆ նխկին դեսպան Ռիկարդոնեն հայտարարեց, որ Անկարան սատարում է «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրա» խմբավորմանը և Վաշինգտոնը ոչինչ չի անում դրան խանգարելու համար: Արևմտյան ԶԼՄ-ները մեղադրեցին Անկարային նրանում, որ Թուրքիան չի խոչընդոտում իր տարածքով ԻՊ գրոհայինների ներթափանցմանը Սիրիա, էժան գնով նավթ ու վառելիք է գնում գրոհայիններից, ինչպես նաև «հանգստի բազաներ» ստեղծում ահաբեկիչների համար իր տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---