Գերմանիայի դեսպան. ՀՀ ու ԵՄ հետագա գործակցության ուղենիշները կախված են Մինսկում կայանալիք հանդիպումից

Գերմանիայի դեսպան. ՀՀ ու ԵՄ հետագա գործակցության ուղենիշները կախված են Մինսկում կայանալիք հանդիպումից

PanARMENIAN.Net - ԵՄ-ի և Հայաստանի հետագա գործակցության ուղենիշները պարզ կդառնան հոկտեմբերի 10-ին` Մինսկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո, երբ Հայաստանը հնարավոր է՝ արդեն անդամակցած կլինի Մաքսային միությանը, իսկ նոյեմբերին Բրյուսելում կկայանա կարևոր հանդիպում Հայաստան-ԵՄ մակարդակով: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

«Երկու կողմն էլ երկխոսության մեջ է, և այդ երկխոսությունը չի ընդհատվել, թեև շփումները նախկինի նման հարուստ չեն եղել: Մոտ ապագայում՝ նոյեմբերին, Բրյուսելում նախատեսված է հանդիպում Եվրամիության և հայկական պատվիրակության միջև: Կշարունակվեն բանակցությունները, կհստակեցվեն որոշ հարցեր, մանավանդ, որ Մինսկում արդեն կայացած հանդիպումից հետո, երբ Հայաստանը հնարավոր է՝ արդեն անդամակցած կլինի Մաքսային միությանը: Եվ եթե արդեն Մինսկում այդ փաստաթուղթը ստորագրված լինի, արդեն նոյեմբերին պարզ կլինեն ԵՄ-ի և Հայաստանի հետագա գործակցության ուղենիշները»,-նշել է դեսպանը:

Թե ինչ կբխի դրանից, ձևի առումով դեսպան Մորելը այնքան էլ չի կարևորում, որքան շփումներն ու երկխոսությունը այն հարցերի շուրջ, թե ինչ է հնարավոր անել, ինչ՝ ոչ,գրում է Tert.am-ը:

Ռայներ Մորելը նկատել է, որ ԵՄ-ն սպասում է` Հայաստանը պարզաբանի, թե ինչպես է ուզում կամ կարող է շարժվել առաջ.

«Միայն դրանից հետո կարելի է կրկին խոսել այն հարցերի շուրջ` ինչպես կարելի է այդ հարաբերությունները որոշակի ձևաչափի մեջ դնել »,-պարզաբանել է դեսպանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 2-ին հայտարարել է, թե ավարտվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման գործընթացը, ակտիվորեն երկխսություն է տարվում Ղրղըզստանի հետ:

«Միաժամանակ, մենք կցանկանայինք, որ Եվրասիական տնտեսական միությունը սերտ կապեր հաստատեր ինտեգրացիոն այլ կառույցների հետ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Նման փոխգործակցությունը կայունություն կավելացներ գլոբալ տնտեսությանը: Եվ իհարկե, նման երկխոսությունը հատկապես կարևոր է Եվրամիության հետ, որը մեր առաջատար առևտրային գործընկերն է»,- հավելել է նախագահը:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Եվրասիական տնտեսական կոմիտեի անդամ Սերգեյ Ռումասը հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ Մինսկում:

«Մինսկի գագաթաժողովը կտա բելառուսական կողմին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները: Բելառուսը պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը... Այն պետք է ստորագրվի», - ասել է նա:

ԱՊՀ ու ԵՏՄ գագաթաժողովը տեղի կունենա ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Մինսկում:

Հոկտեմբերի 2-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին: Հոկտեմբերի 1-ին պայմաանգիրը վավերացրեց Ռուսաստանի Դաշնության խորհուրդը: Սենատորները վավերացման մասին որոշումը միաձայն կայացրեցին՝ կողմ քվեարկեց նիստին մասնակցող 140 խորհրդարանականները:

Հայաստանը կարող է ԵՏՄ անդամ դառնալ արդեն 2015-ի հունվարի 2-ին, Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նիստում այդ մասին հայտարարեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ՄՄ մարմինների և ԱՊՀ երկրների հետ տնտեսական գործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան:

Սեպտեմբերի սկզբին պայմանագիրն ուղարկվեց չորս երկների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարությունների հաստատմանը: Ստորագրման օրվա մասին վերջնական որոշումը կայացնելու են չորս երկրների նախագահները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---