Air Armenia-ն վարձակալած ինքնաթիռները վերադարձրել է տիրոջը. Ասում են` վերանորոգման նպատակով

Air Armenia-ն վարձակալած ինքնաթիռները վերադարձրել է տիրոջը. Ասում են` վերանորոգման նպատակով

PanARMENIAN.Net - Air Armenia-ն իր վարձակալած երկու A320-200s աերոբուսները (EK-32039 (cn 1439) և EK-32050 (cn 1450) սեպտեմբերի վերջին վերադարձրել է վարձատուին: Այս մասին գրում է ավիացիայի ոլորտի խնդիրները լուսաբանող Ch-aviation.com կայքը` նշելով, որ հոկտեմբերի 1-ին երկու օդանավն էլ Ամստերդամով տեղափոխվել են Վունսդրեխտ` Նիդերլանդներ:

Կայքը նաև գրում է այն մասին, որ նախորդ ամիս Ռուսաստաի աերոնավիգացիոն ընկերությունը մոտ 1.1 մլն դոլար պարտքի պատճառով հրաժարվել էր սպասարկել ընկերության ինքնաթիռները:

Ch-aviation.com-ը պորտալը հայտնում է, որ հայաստանյան ավիափոխադրողը դեռևս շարոնակում է թռիչքներ իրականացնել, թեև տնօրինում է ընդամենը մեկ ինքնաթիռ ` B737-500: Նշվում է, որ երկու աերոբուսները հետ վերադարձնելու հետ կապված որոշ չվերթներ չեղարկվել են, բայց դեռևս իրականացվում են թռիչքներ դեպի են Ադլեր/Սոչի, Աթենք, Ֆրանկֆուրտ, Կրասնոդար, Մոսկվա(Վնուկովո), Նիժնի Նովգորոդ, Փարիզ, Սամառա ու Սանկտ Պետերբուրգ: Դեպի Եկատերինբուրգ թռիչքներն առայժմ կարծես թե ամբողջովին կասեցվել են:

Air Armenia ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ ինքնաթիռները վերադարձրել են վերանորոգման նպատակով. վարձակալության պայմանագրով այդպես է սահմանված:

Ընկերությունիի լրատվական ծառայությունը նաև հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սահմանված կարգով ըստ չվացուցակի իրականանում են ընկերության կողմից հայտարարված բոլոր չվերթները:

«Չվացուցակի համաձայն՝ Air Armenia ավիաընկերությունն իրականացնում է ուղևորափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն և եվրոպական երկրներ:Տեղեկացնում ենք նաև, որ ավիաընկերության երկու օդանավերի պլանային տեխնիկական սպասարկման խնդիրներից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցվել է դեպի Ֆրանկֆուրտ իրականացվող չվերթները: Համաձայն չվացուցակի՝ շարունակվում են դեպի Փարիզ և Աթենք կատարվող թռիչները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ Air Armenia-ի չվացուցակում որոշակի փոփոխություններ են կատարվել, որոշ չվերթներ հանվել են, վերադարձվում են արդեն վաճառված տոմսերի գումարները: Պատճառն օդանավների սակավությունն է. այս պահին ավիաընկերությունն ունի ընդամենը 1 սարքին ինքնաթիռ: Ընկերությունից մեկնաբանել էին, թե օդանաերը կանգնած են վերանորոգման. Մեկը` պլանային, մյուսը` չնախատեսված:

Սեպտեմբերի 11-ին «Ռուսաստանի Դաշնությունում օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիա» ձեռնարկությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի սեպտեմբերի 21-ից պետք է դադարեցներ Air Armenia ավիաընկերության աէրոնավիգացիոն սպասարկումը ՌԴ օդային տարածքում:

«Տևական ժամանակ է, ինչ Պետկորպորացիան հետաձգել է հայկական ավիափոխադրողի համար ՌԴ տարածքում աէրոնավիգացիոն սպասարկման համար վարձի գանձումը: Չնայած, որ Air Armenia-ին բոլոր հնարավորությունները տրվել էին պարտքերը մարելու համար, ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ չձեռնարկեց պարտքային բեռը թեթևացնելու համար: Այժմ Air Armenia-ի ժամկետանց պարտքը կազմում է մոտ 400.000 դոլար, ընթացիկը՝ ավելի քան 700.000 դոլար»,- նշվում էր հաղորդագրության մեջ:

Սակայն Սիրական Համբարձումյանը պարզաբանել էր, որ Ռոսավիացիայի հետ կապված խնդիրը զուտ տեխնիկական է և չվացուցակի վրա որևէ կերպ չի անդրադառնալու: «Վերջին շրջանում մեր կողմից իրականացվող փոխանցումները չեն հասնում հասցեատիրոջը: Պատճառը պարզ է` ԱՄՆ-ի և ԵՄ կողմից իրականացվող պատժամիջոցները»,- նշել էր ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարը: Արդեն սեպտեմբերի 20-ին նա հայտարարել է, որ ընկերության Մոսկվայի ներկայացուցչությունը կատարել է բոլոր անհրաժեշտ վճարումներն ու չվերթները կատարվելու ե ըստ չվացուցակի:

Տևական ժամանակ է` շրջանառվում են ընկերության սնանկացման ու հսկայական պարտքերի մասին լուրերը: Ընկերության ներկայացուցիչը բազմիցս հայտարարել է, որ դրանք չափազանցված են. ընկերության պարտքերը ընթացիկ են, իսկ իրենց տնօրինած շրջանառու միջոցները լիովին բավարար պարտավորությունները ժամանակին հոգալու համար.

«Աշխարհում բոլոր ավիաընկերություններն ունեն ֆինանսական խնդիրներ, սակայն մեր շրջանառու միջոցները բավարար են ֆինանսական խնդիրները լուծելու համար, սնանկության մասին խոսք անգամ չկա»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---