«Վրդովված» Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Եվրանեսթի» նիստին

«Վրդովված» Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Եվրանեսթի» նիստին

PanARMENIAN.Net - Եվրամիության Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը տեղի կունենա Երևանում գալիք տարվա մարտի 16-20-ը: Համապատասխան որոշումը հաստատվել է «Եվրանեսթի» Բյուրոյի նիստում, հայտարարել է հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:

Ըստ նրա, «Եվրանեսթի» նիստը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ԱԺ-ում կստեղծվի աշխատանքային խումբ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովն իր «վրդովմունքն է» հայտնել նիստը Երևանում անցկացնելու որոշման կապակցությամբ: Նա հայտարարել է, որ դեռևս բյուրոյի նիստում, անցյալ տարվա մայիսին Կիևում, նա իր բողոքն է հայտնել չորրորդ լիագումար նիստը Երևանում անցկացնելու մտադրության վերաբերյալ: Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի «Եվրանեսթի» միջոցառումներին Երևանում, քանի դեռ հայկական կողմը չի կատարել մի շարք պայմաններ: Ըստ նրա, ադրբեջանական պատվիրակությունն իր բողոքն է հայտնել նաև Հայաստանի համանախագահության դեմ: «Նստաշրջանի անցկացումը Երևանում վիրավորանք է Ադրբեջանի համար: Դա ցույց է տալիս Եվրանեսթի և եվրոպական կառույցների երկակի չափանիշները, սուբյեկտիվ վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ»,-ասել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարը:

2013-ի նոյեմբերին ԱՄՆ հետախուզությունը հրապարակեց Ադրբեջանում 2013-ի նոյեմբերի 9-ի նախագահական ընտրությունների ընթացքին հետևող ԵԽԽՎ դիտորդական խմբի անդամներին կաշառելու ապացույցները: ԱՄՆ-ն հայտարարեց, որ կան անհերքելի ապացույցներ, որ ԵԽԽՎ դիտորդները կաշառվել են: Ըստ աղբյուրի, ապացույցների թվում են նաև եվրախորհրդարանականների հեռախոսազրույցները:

Ըստ տեղեկատվության, ԱՄՆ հետախուզությունը դեռ ընտրություններից առաջ էր իրազեկված ԵԽԽՎ պատգամավորների հետ հնարավոր գործարքի մասին և նախապես կազմակերպեց նրանց հեռախոսազրույցների գաղտնալսումն ու նամակագրության հսկողությունը համացանցում: Բանակցությունները հանձնարարվել էին, ըստ աղբյուրի, «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության նախագահ Էլհան Սուլեյմանովին:

Ասվում էր, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ նա Եվրոպայում խորհրդատվական իրավաբանական կառույցներից մեկի միջոցով, մասնավորապես, Գերմանիայում, մի շարք եվրոպացի խորհրդարանականների է փոխանցել 50-հազարական դոլար: «Այդ մասին իրազեկվել են նաև Ադրբեջանի իշխանությունները»: Ավելի հստակ, փաստարկված պատասխան է տրվել Բաքվի այն պնդումներին, թե իբր «Ամերիկան ճնշում է գործադրում Եվրոպայի վրա, որպեսզի վերջինս չճանաչի ընտրությունների արդյունքները»:

Սուլեյմանովի անունը նախկինում էլ է շոշափվել եվրախորհրդարանականներին կաշառելու առումով: Լուրեր են տարածվում, որ Սուլեյմանովը «խավիարային դիվանագիտության առաջատար դեմքերից է: Վերջերս «Եվրոպական կայունության նախաձեռնության» հաշվետվության մեջ ասվում էր, որ Բաքու այցելության ժամանակ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի բարեկամների խմբի անդամները որպես նվեր ստանում են խավիար, մետաքսե գորգեր, ոսկյա ու արծաթյա իրեր, ինչպես նաև կանխիկ դրամ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---