Բիթլիսի փողոցներից մեկը Սարոյանի պատվին անվանակոչելու հարցն առկախված է. Ասում են` նահանգապետը դեմ է

Բիթլիսի փողոցներից մեկը Սարոյանի պատվին անվանակոչելու հարցն առկախված է. Ասում են` նահանգապետը դեմ է

PanARMENIAN.Net - Բիթլիսի փողոցներից մեկը ամերիկահայ գրող Վիլիամ Սարոյանի պատվիր վերանվանելու գործընթացը վիճահարույց ընթացք է ստացել:

Բանն այն է, որ դեռևս մարտի 1-ին Թաթվանում «Բիթլիսի հայերը» խորագրով ցուցահանդես էր տեղի ունեցել, որի ընթացքում անգլիաբնակ գիտնական Արա Սարաֆյանը առաջարկել էր փողոցը, որտեղ բնակվել էր Սարոյանի ընտանիքը, անվանել գրողի անունով: Բիթլիսի քաղաքապետարանը տվել էր իր համաձայնությունը, սակայն փողոցի անվանակոչումը դեռևս չի կայացել:

Սարաֆյանի նամակից, որը հոկտեմբերի 15-18-ին ժամանել էր Բիթլիս փողոցի բացմանը մասնակցելու համար, պարզ է դառնում, որ փողոցի անվանակոչմանը դեմ է եղել Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթյուրքը, գրում է Ermenihaber կայքը:

Սարաֆյանը, հղում անելով Բիթլիսի համաքաղաքապետ Նևին Դաշդեմիր Դաղըրքանին, նշում է, որ փողոցի անունը չի փոխվել, քանի որ նահանգապետ Օզթուրքի կարծիքով «Սարոյանը կապ չունի Բիթլիսի հետ»:

«Ագոս» թերթի հետ զրույցում սակայն Դաղըրքանը հերքել է Սարաֆյանի խոսքերը, նշելով, որ վերջինիս հետ հանդիպման ընթացքում ինքը նման բան չի հաղորդել, քանի որ նահանգապետից էլ նման արտահայտություն չի լսել: Հատկանշական է, որ նահանգապետարանը հարցի վերաբերյալ դեռևս որևէ հայտարարություն չի տարածել:

Բիթլիսի քաղաքային խորհուրդը օգոստոսին հաստատել է հինգ փողոցներ վերանվանելու մասին որոշումը: Դրանցից մեկը պետք է անվանակոչվեր ծագումով Բիթլիսից, հանրահայտ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատվին: Վերջինս թեև ծնվել է Ֆրեզնոյում, ամուր կապ է պահպանել իր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել Արմտյան Հայաստան: 2014-ին նշվում է այցի 50-ամյակը:

Սարոյանի անունով նախատեսվում էր անվանակոչել քաղաքի Սափգոր թաղամասի գլխավոր փողոցը, որտեղ ապրել է գրողի ընտանիքը: Այս թաղամասի շատ տներ դեռ պահպանում են իրենց կառուցման ամսաթիվը հայկական, օսմանյան և արևմտյան համարներով:

Դաղըրքանի տեղեկացմամբ` քաղաքի ավագանու կողմից օգոստոս ամսին փողոցը Սարոյանի անվամբ կոչելու մասին կայացրած որոշումից հետո քաղաքապետրանի և նահանգապետարանի միջև սկսված պաշտոնական գրագրությունը շարունակվում է:

Համաքաղաքապետը նշել է նաև, որ նորից պետք է դիմեն քաղաքի ավագանուն, սակայն այս անգամ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամների կողմ ձայները չեն բավարարի դրական արդյունքի համար և անհրաժեշտ կլինի իշխող «Արդարություն և զարգացում» կուսկացության անդամների աջակցությունը:

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է, գրել պատմվածքներ:

Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937 թ., «Ողջույն քեզ, սեր», 1938 թ., «Անունս Արամ է», 1940 թ., «Սիրելիս», 1944 թ., և այլն): Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են. Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար աբմողջ աշխարհում»:

Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---