Երևանում մեկնարկել է $37 մլն արժողությամբ նոր բիզնես կենտրոնի շինարարությունը

Երևանում մեկնարկել է $37 մլն արժողությամբ նոր բիզնես կենտրոնի շինարարությունը

PanARMENIAN.Net - «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն Երևանի կենտրոնում նոյեմբերի 6-ին հիմնաքարի տեղադրման հանդիսավոր արարողությամբ մեկնարկեց «Կամար» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման նախագիծը:

Շինարարության միջազգային նորարարական չափանիշներով նախագծված համալիրը Հայաստանում առաջին «կանաչ» բիզնես կենտրոնի նախագիծն է, որը շինարարության ավարտից հետո կհավաստագրվի BREEAM-ի (BRE Environmental Assessment Method)` այսօր աշխարհում «կանաչ» շինությունների էկոլոգիական գնահատման և դասակարգման առաջատար համակարգերից մեկի կողմից: Նման եզակի «Ա» դասի բիզնես կենտրոնի կառույցն ապահովելու է էներգախնայողության և էկոլոգիական շինարարության բոլոր չափանիշները, որոնք ընդունված են միջազգային պրակտիկայում, և էապես նպաստելու է Հայաստանում բիզնես կենտրոնների շինարարության ստանդարտների զարգացմանը:

Շենքի սեփականատերը` «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» (Property Development Company CJSC) ՓԲԸ-ն կարևորելով այդ տարածքի կառույցների ճարտարապետական նշանակությունը և այն պահպանելու ու գալիք սերունդներին ժառանգելու առաքելությունը` մեծ պատասխանատվությամբ է նախաձեռնել այդ կառույցների վերակառուցման աշխատանքները` մինչև շինարարության սկիզբը տարիներ շարունակ տարբեր ձևաչափերով քննարկելով նախագծի կազմակերպման հնարավոր լավագույն տարբերակները շահառուների հետ:

«Նախագիծը ներառում է պատմական նշանակություն ունեցող շենքեր: Հիմնական բարդությունն այն է, որ համալիրը պետք է ընդգրկի թե նորարարական լուծումներ, թե 1926-ին հայտնի հայ ճարտարապետ Բունիաթյանի կառուցած շենքը, որի ֆասադն ամբողջովին պահպանվել է: Իսկ համալիրի մյուս կողմում լինելու է 1910 թվականի շենքի ֆասադը, որի տեխնիկական վիճակն այնպիսին էր, որ ստիպված քար առ քար ապամոնտաժել ենք, իսկ երբ նոր համալիրը կառուցվի, ֆասադը կվերականգնենք: Մենք նաև թվայնացրել ենք ամբողջ միջավայրը, որ ցանկացած ժամանակ կարողանանք վերականգնել այն, ինչ այստեղ կար»,- մանրամասնեց «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ տնօրեն Արտաշես Կազախեցյանը՝ հավելելով, որ հաղթող վերջնական նախագիծն ընտրվել է մոտ 17 թեկնածուից 3 փուլի արդյունքում:

«Համալիրի կառուցման նախագիծը նախաձեռնել ենք դեռ 5 տարի առաջ: Մենք ուսումնասիրել ենք տվյալ տարածքի պատմական նշանակություն ունեցող կառույցների ամբողջ պատմությունն ամենայն մանրամասնությամբ, կառույցների փաստացի վիճակը և պահպանման լավագույն հնարավորությունները: Այդ նպատակով կազմակերպել ենք ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ` ներգրավելով տարբեր երկրների լավագույն մասնագետներին, հրավիրել բազմաթիվ լսումներ փորձագետների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Մեր սկզբունք է` լինել առավելագույնս թափանցիկ և, պահպանելով հինը` կերտել նորը: Առաջնորդվելով նման կարգախոսով` մշակել ենք յուրաքանչյուր քարի պահպանման, ընդհանուր տարածքի ճարտարապետական ոգուն համահունչ համալիրի կառուցման նախագիծ, որը նաև կհամապատասխանի «կանաչ» կառույցի շինարարական աշխատանքների ամենաժամանակակից ու բարձրակարգ չափանիշներին»:

Համալիրի ընդհանուր արժեքը մոտ 37 մլն ԱՄՆ դոլար է: Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (International Finance Corporation, IFC) տրամադրել է $9 մլն ԱՄՆ դոլարի վարկ, ինչպես նաև ներգրավել ևս $9 մլն DEG (Deutsche Investitions und Entwicklungsgesellschaft mbH) միջազգային կառույցից: Նախագծի ֆինանսավորման մնացած գումարն ապահովելու է «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն` իր միջոցների հաշվին:

«Ժամանակակից բիզնես կենտրոնների աճը խթանում է տնտեսական գործունեությունը, ինչպես նաև բարձրացնում տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկատերերի աշխատանքի արդյունավետությունը: Հայաստանում բիզնեսի գործունեության ենթակառուցվածքային հզորացումը և «կանաչ» տեխնոլոգիաների զարգացումն ապագայում կնպաստեն և օրինակ կծառայեն երկրում էներգախնայող շինարարական ծրագրերի երկարաժամկետ զարգացմանը»,- իր խոսքում նշեց IFC Ներդրումային ծրագրերի ավագ համակարգող Արման Բարխուդարյանը:

«Կամար» բիզնես-կենտրոնի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2016-ի նոյեմբեր ամիսը: Համալիրում գործունեություն են ծավալելու հիմնականում ֆինանսական, խորհրդատվական ընկերություններ և միջազգային կառույցներ:

Երևանի գլխավոր Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հուսով է, որ շինարարությունը կընթանա ժամանակացույցի համաձայն. «Երկու տարի անց երևանցիների համար նվեր կունենանք՝ օրինակելի մի կառույց, որը նաև մարտահրավեր կնետի քաղաքի կենտրոնում այսուհետ իրականացվելիք ներդրումային ծրագրերին»:

DEG Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների տնօրեն Փիթեր Թիմմեն էլ նշեց՝ DEG-ը հպարտ է, որ մասնակցում է այս նորարարական նախագծին:

«Այն օրինակելի նախագիծ է, քանի որ հաշվի է առնում Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման նշանակությունը և միաժամանակ էներգախնայողության տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ հիմք դնում տարածաշրջանում շինարարական նոր ստանդարտների ներդրմանը: Այն նաև ստեղծում է նոր աշխատատեղեր և բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ»:

«Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն ներդրումներ է կատարում անշարժ գույքի շուկայում, տրամադրում կառուցապատման իրականացման և շինարարության անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերման համալիր ծառայություններ: Մասնագիտացած է անշարժ գույքի զարգացման և շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկման ոլորտում, հանդես է գալիս նոր ու առաջադեմ մոտեցումների կիրառմամբ: Ընկերության գործունեությունը հիմնված է հեռանկարային դիզայն մշակելու, կայուն զարգացման տեսլականի և պետական ու մասնավոր հատվածների հետ սերտ գործակցության վրա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---