Ամերիկացի 1500 զինծառայող կմեկնի Իրաք

Ամերիկացի 1500 զինծառայող կմեկնի Իրաք

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է ավելացնել ամերիկացի զինվորականների քանակն Իրաքում, «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով այդ երկիր կմեկնի 1500 զինծառայող:

Ինչպես հայտնում է Guardian-ը, ամերիկացի զինծառայողների քանակը երկրում կհասնի 3000-ի: Ընդ որում, ամերիկացիները չեն մասնակցի ահաբեկիչների հետ բախումներին: Նրանց գործառույթները սահմանափակվում են իրաքյան զորքերի ու քրդական կազմավորումների անձնակազմին վարժեցնելով: Ամերիկացները կտեղակայվեն Բաղդադում և քրդերի կողմից վերահսկվող Էրբիլեում:

Մինչդեռ, քրդական ուժերը չեն կարողանում լիարժեք դիմակայել իսլամիստներին Կոբանիում: Քուրդ փեշմերգաների 150-200 մարտիկների օգնությամբ, որոնք օգնության եկան պաշարվածներին հրետանիով և զրահամեքենաներով, հաջողվեց հետ գրավել մի քանի գյուղ ու բուն Կոբանիի որոշ թաղամասեր, սակայն բավարար չեղավ իսլամիստներին ամբողջովին ոչնչացնելու համար: Ինչպես գրում է Reuters-ը, քաղաքի արևելքը մնում է ահաբեկիչների հսկողության տակ, չնայած որ արևմուտքն ամեն գնով պահում են փեշմերգաները, ՔԱԿ ուժերն ու այլ կազմավորումների անդամները:

Newsweek-ը զրուցել է ԻՊ նախկին ահաբեկիչներից մեկի հետ, որը ներկայացել է որպես «Շերկո Օմար» և որոշ մանրամասներ է պատմել Թուրքիայի հետ ահաբեկիչների գործակցության մասին: Ըստ նրա, «Իսլամական պետությունն» այս պահին Թուրքիային որպես դաշնակից է ընկալում: Իշխանություններն ու բանակն անարգել թույլ են տալիս իսլամիստներին տարանցիկ շարժ կատարել Սիրիայի մի մասից մյուսը Թուրքիայի տարածքով: Օմարը պատմել է, թե ինչպես է փետրվարին իսլամիստների կողմից վերահսկվող Ռաքքայից գնացել Սիրիայի հյուսիս, քրդական Սերեկանիե քաղաքը գրոհելու համար: «Մեզ ասացին, որ Թուրքիայում կարող ենք ոչ մի բանի մասին չմտահոգվել, քանի որ նրանց հետ լիակատար համագործակցություն է հաստատված: Մեզ երաշխավորել են, որ խնդիրներ չեն լինի, քանի որ նման անցումը Ռաքքայից և Հալեպից դեպի քրդական բնակավայրեր մշտապես է իրականացվում»,-պատմել է նա:

Ասվում է նաև, որ ԻՊ-ն փակել է բոլոր դպրոցները Սիրիայի արևելքում վերահսկվող բոլոր տարածքներում, նպատակ ունենալով վերանայել կրոնական ուսուցումը: ԻՊ-ն խստացնում է կանոնները Դեյր էլ Զոր գավառում, որը նրանք վերահսկում են ամառվանից: Գրոհայինները հանդիպել են դպրոցների ղեկավարների հետ քաղաքի ծայրամասում գտնվող տեղական մզկիթում: ԻՊ գրոհայինները հայտնել են նրանց, որ ուսուցիչները պետք է կրոնական դասընթացի մասնակցեն մեկ ամիս, և որ ԻՊ ներկայացուցիչներն այժմ նոր ուսումնական ծրագիր են մշակում «անհավատների» համար,-հայտնում է gazeta.ru-ն Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի վրա հղումով: Սեպտեմբերին, երբ սկսվեց ուսումնական տարին, ԻՊ-ն փոխեց ուսուցման ծրագրերը՝ արգելելով ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, փոխարինելով դրանք իսլամական ուսմունքով: Որոշ ուսուցիչների և ուսանողների բողոքները դադարեցին հաշվեհարդարի սպառնալիքների ճնշմամբ:

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը սեպտեմբերի վերջում հայտարարեց, թե ԱՄՆ դաշնակիցները տարածաշրջանում, մասնավորապես Թուրքիան, այնքան տարվեցին Ասադին տապալելու խնդրով, որ օգնում էին նույնիսկ ծայրահեղական իսլամիստներին Սիրիայում: «Նախագահ Էրդողանը, իմ հին բարեկամն, ինձ ասաց, որ ես իրավացի էր, որ իրենք չափից շատ մարդկանց թույլ տվեցին հատել սահմանը, իսկ հիմա փորձում են փակել»,-հայտարարել է Բայդենը:

Թուրքիայի հասցեին մեղադրանքներ են հնչել նաև մինչ այդ. Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիկարդոնեն ուղղակի հայտարարեց, որ Անկարան սատարում էր «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրա» խմբավորմանը: Գրոհայիններին սատարելու մեջ են մեղադրում Թուրքիային նաև քրդերը. նրանց կարծիքով, Անկարան խանգարում է քուրդ կամավորներին անցնել Սիրիա, պատասխանատու է քրդերի անհաջողությունների համար ԻՊ հետ պայքարում և Կոբանիի պաշարման համար: ՔԱԿ առաջնորդ Օջալանը, որը ցմահ պատիժ է կրում թուրքական բանտում, հայտարարեց, որ Կոբանիի անկումը քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի ավարտի վերաբերյալ ազդանշան կլինի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---