Շվեդիայում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես կկազմակերպվի

Շվեդիայում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես կկազմակերպվի

PanARMENIAN.Net - Շվեդիայի խորհրդարանում առաջարկ է ներկայացվել 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախատեսվող հիշատակության միջոցառումների շրջանակում կազմակերպել նաև միջոցառումներ` նվիրված ասորիների ցեղասպանությանը: Շվեդիայի ԵՄ հարցերով նախկին նախարար Էվա Օհլսոնի և ասորի պատգամավոր Ռոբերտ Հաննահի ներկայացրած առաջարկությունն ապրիլքսանչորսյան միջոցառումներից բացի նախատեսում է 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ցուցահանդեսի կազմակերպում:

Թուրքական Democrat haber-ին հղումով Ermenihaber-ը գրում է, որ առաջարկության մեջ նշվում է` 1915-ին սկսված և ավելի քան 1 միլիոն հայերի, հարյուր հազարավոր ասորիների, քաղդեացիների ու Պոնտոսի հույների կյանք խլած ցեղասպանությունը (ասորերեն՝ Սեյֆո) շարունակվել է մինչև 1923 թվականը:

Ասորի պատգամավորը, իր ելույթում նշելով, որ այսօր Շվեդիայում բնակվող 150.000 ասորիները 1915-ի իրադարձությունների հետևանքով Օսմանյան կայսրությունից գաղթածների սերունդներն են, ասել է, թե Շվեդիայի ներկայիս ամենամեծ ազգային փոխրամասնությունը հենց Սեյֆոի հետևանքն է:

Շվեդիայի խորհրդարանը 2010 թվականի մարտի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը: Փաստաթուղթը պատրաստել էր 15 կուսակցության պատգամավոր: Օրինագիծը, բացի հայերի ցեղասպանությունից, դատապարտում է նաև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանություները: Դրա ընդունումը կանխելու նպատակով պաշտոնական Անկարան ակտիվ քարոզչություն էր իրականացնում` գործի դնելով նաև տեղի ամբողջ համայնքը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---