15  11.11.14 - Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացումը

Էջմիածնում մեկնարկել է Եպիսկոպոսաց ժողովը. Նախագահը հանդիպել է Գարեգին Բ-ին և Արամ Ա-ին

Էջմիածնում մեկնարկել է Եպիսկոպոսաց ժողովը. Նախագահը հանդիպել է Գարեգին Բ-ին և Արամ Ա-ին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի և Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ: Նախագահականից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ գործակցությանը, հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդմանն ու ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրներին և առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնք տեղ են գտել նաև նոյեմբերի 11-13-ը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հրավիրված հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում:

Հանրապետության նախագահը ողջունել է Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը՝ ի նպաստ մեր հավատավոր ժողովրդի և Հայոց պետության: Նա Եպիսկոպոսաց ժողովների գումարումը կարևոր իրադարձություն է համարել հայոց հոգևոր կյանքում և հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթել Մայր աթոռում մեկնարկած ժողովին:

Հանդիպմանն անդրադարձել են նաև նախագահի գլխավորությամբ գործող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, որոնց հայ առաքելական եկեղեցին ակտիվորեն մասնակցում է իր բոլոր Նվիրապետական աթոռներով, թեմերով, ծուխերով ու կառույցներով: Զրուցակիցներն անդրադարձել են նաև համազգային կարևորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքին, Սիրիայում չդադարող կործանարար պատերազմի հետևանքով այդ երկրի բնակչության հետ միասին ծանրագույն փորձությունների և զրկանքների ենթարկվող սիրիահայ համայնքին աջակցության խնդիրներին:

Եպիսկոպոսաց ժողովին Ամենայն հայոց կաթողիկոսության և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության 76 արքեպիսկոպոսից ու եպիսկոպոսից մասնակցում են 58-ը:

Եպիսկոպոսաց այս ժողովի օրակարգում են Ցեղասպանության զոհերի սրբադասման հռչակման արարողակարգն և ծիսական կանոնակարգը, Սուրբ Մկրտության խորհրդի բարեկարգյալ ծիսակարգը: Օրակարգում է նաև Կոմիտաս Վարդապետի սրբադասման գործընթացի ձեռնարկումը:

Մինչև բացման արարողությունը եկեղեցու եպիսկոպոսաց դասը Մայր տաճարում մասնակցել է Գիշերային ժամերգության` սբ հոգու առաջնորդությունը հայցելով ժողովի աշխատանքների բարի արդյունավորման համար:

Ժողովը սկսվել է միասնական Տերունական աղոթքով, որից հետո բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել նախորդ Եպիսկոպոսաց ժողովի դիվանի համաատենապետ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Այնուհետև ներկաներին իրենց հայրապետական պատգամն են բերել Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն:

Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները նոյեմբերի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կաթողիկոսը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը ծաղկեպսակներ են դրել հուշահամալիրի մոտ, ապա անմար կրակի առջև կատարվել է հոգեհանգստյան արարողություն` Հայոց ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---