Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին վտանգված է. Մամուլն ու դատաիրավական համակարգն ազատ չեն

Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին վտանգված է. Մամուլն ու դատաիրավական համակարգն ազատ չեն

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը Անկարային զգուշացրել է` չխառնվել իրավական գործընթացներին և պահպանել դատաիրավական համակարգի անկախությունը: Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով կոմիսար Յոհաննես Հանը հայտնել է, որ իրենք լրջորեն անհանգստացած են կոռուպցիոն սկանդալի գործով դեկտեմբերի 17-25 հարցաքննություններից հետո դատարանի անկախության և անկողմնակալության հարցով:

Թուրք-եվրոպական համատեղ հանձնաժողովում ելույթ ունենալիս` ԵՄ նախագահը նշել է, որ Անկարան չպետք է խառնվի դատական գործերին: Ըստ նրա` դեկտեմբերի 17-ից սկսված իրավական գործընթացն այդ առումով որոշակի կասկածների տեղիք է տվել ԵՄ-ում: Ինչպես թուրքական Zaman պարբերականին հղումով գրում է Ermenihaber-ը, ԵՄ նախագահը նաև նշել է, որ անհնար կլինի Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը, եթե չլուծվի կիպրական խնդիրը:

Հոկտեմբերի վերջին Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հայտնի կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ սկսված քրեական գործի շրջանակում 53 անձի մասով դատական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել: Մայիսի 2-ին նման որոշում կայացվել էր գործով անցնող ևս 60 անձի վերաբերյալ, որոնց շարքում են եղել հայտնի թուրք գործարար Ալի Աղաօղլուն ու նախկին նախարար Էրդողան Բայրաքթարի որդին: Այսպիսով դեկտեմբերի 2013-ի 17-ի կոռուպցիոն սկանդալի գործով այլևս մեղադրյալ չկա, ինչն ինքնաբերաբար հանգեցնելու է գործի փակմանը:

«Մեծ կաշառք» գործողության շրջանակում և 2013-ի դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված գործողության արդյունքում 52 մարդ էր ձերբակալվել, այդ թվում գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Թուրքիայի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարար Զաֆեր Չաղլայանը, քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը և ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հրաժարական էին տվել: Եվս յոթ նախարարների պաշտոններից հեռացրել էր Էրդողանը: Կառավարության նոր կազմը հրապարակվեց դեկտեմբերի 26-ին:

Բացի այդ Եվրոպական միությունը Թուրքիային կոչ է արել չխոչընդոտել որոշ լրատվամիջոցների մասնագիտական գործունեությանը, չցուցաբերել խտրական վերաբերմունք հավատարմագրման գործընթացում:

Թուրքական լրատվականները գրում են, որ պաշտոնական Բրյուսելն Անկարային մեկ անգամ ևս հիշեցնում է խոսքի ազատության և տեղեկացված լինելու հիմնարար իրավունքների մասին: Եվրահանձնաժողովի խոսնակը գրավոր հայտարարություն է արել այն մասին, որ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները հանձնաժողովի ուշադրության տակ են հատկապես մամուլի ազատության ապահովման տեսանկյունից:

«Որևէ երկրի դեմկրատական հասունությունը չափվում է այդ երկրում եղած մամուլի ազատությունով և դրա նկատմամբ դրսևորվող հարգանքով»,- ասված է հայտարարությունում:

Շեշտվում է, որ Թուրքիայում հարգանք չի ցուցաբերվում մամուլի ազատության նկատմամբ: Թուրքական իշխանությունների կողմից խոչընդոտներ են ստեղծվում «Ջիհան հաբեր» լրատվական գործակալության, «Զաման», «Թարաֆ», «Սյոզջու», «Բիրգյուն», «Ջումհուրիյեթ» թերթերի և որոշ հեռուստաալիքների լրագրողներին հավատարմագրելու գործընթացում:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ: Միությանն անդամակցելու մասին բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 13-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: Նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---