Տեխնիկայի և կրիչների 1%-անոց «Միխալկովի հարկը» կգանձվի նաև ՀՀ-ում

Տեխնիկայի և կրիչների 1%-անոց «Միխալկովի հարկը» կգանձվի նաև ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Անձնական նպատակներով ձայնագրությունների և տեսագրությունների վերարտադրման համար նախատեսված կրիչների և տեխնիկայի համար Ռուսաստանում գործող արժեքի 1-տոկոսանոց հարկը կտարածվի Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրների, այդ թվում նաև Հայաստանի վրա:

Ինչպես գրում է «Իզվեստիան» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Սամաթ Ալիևի վրա հղումով, հեղինակային իրավունքի և հավաքական հիմունքներով հարակից իրավունքների կառավարման կարգի մասին ԵՏՄ երկրների համաձայնագրի նախագիծը ներպետական համաձայնեցում է անցել Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում, սակայն դեռ չի ստորագրվել և չի վավերացվել: ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ենթադրում է կազմակերպության բոլոր փաստաթղթերի ստորագրում:

Հավաքական կառավարման մասին համաձայնագրում հիշատակվում է նաև ձայնա- և տեսագրությունների հեղինակների, կատարողների և արտադրողների իրավունքը՝ «վարձատրություն ստանալ անձնական նպատակներով ձայնագրությունների ու աուդիովիզուալ ստեղծագործությունների ազատ վերարտադրման համար»: Փաստաթղթի վերջին տարբերակում ֆիքսված է տոկոսադրույքը՝ տեխնիկայի և կրիչների արժեքի 1 տոկոսը: Հարկման ենթակա իրերի ցանկը նույնպես միասնական կլինի, այն կհաստատի ԵՏՀ-ն: Ընդ որում գանձման կարգը կկանոնակարգվի յուրաքանչյուր երկրի օրենսդրության համաձայն:

Հեղինակների և կատարողների օգտին այս գանձումը Ռուսաստանում գործում է 2010-ից: Հարկմանն ենթակա տեխնիկայի ու կրիչների ցուցակում են dvd-ձայնարկիչները, համակարգիչներն ու նոութբուքերը, բջջային հեռախոսները, տեսախցիկները, խտասկավառակները, ֆլեշ-քարտերը և կինոժապավենը:

Այս գանձումը կատարում է Ռուսաստանի Իրավասեփականատերերի միությունը, որը գլխավորում է հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը: Ուստի, այդ հարկը ժողովրդի և ԶԼՄ-ների շրջանում ստացավ «Միխալկովի հարկ» անվանումը:

Բացի այդ, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միալանու մասին պայմանագրին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու մասին որոշումը կայացվել է նախօրեին կայացած կառավարության նիստի արդյունքոմ: Այն քննելուց հետո երկրի ղեկավարը պետք է Հայաստանի հետ պայմանագիրը ներկայացնի վավերացման:

«Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության գործունեությանը 2015 թվականի հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառությունների և սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման, պայմանագրի անդամ պետությունների շուկա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքի գործընթացը»,- ասված է որոշման բացատրության մեջ:

Նախատեսվում է, որ դա հիմք կստեղծի առևտրա-տնտեսական և համագործակցային կապերի հետագա զարգացման, ազգային արտադրողների մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկաներում ԵՏՄ երկրների դիրքերի ուժեղացման համար:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում նոյեմբերի 24-ին՝ ժամը 12.00-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---