Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է «Հայերը Լենինգրադի ճակատամարտում» գիրքը

Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է «Հայերը Լենինգրադի ճակատամարտում» գիրքը

PanARMENIAN.Net - Մեծ հայրենական պատերազմի 70-ամյակին ընդառաջ Սանկտ Պետերբուրգի Սբ Կատարինե հայկական եկեղեցուն կից գործող «Վերնատուն» Հայ-ռուսական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել երկու նոր հրատարակությունների՝ «Հայերը Լենինգրադի ճակատամարտում» և «Հետախույզի ճակատագիրը» գրքերի շնորհանդեսը:

Ըստ Սանկտ Պետերբուրգում լույս տեսնող հայկական «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյանի, «Հայերը Լենինգրադի ճակատամարտում» գիրքը Լենինգրադի ազատագրման համար մարտնչած հայ զինվորականների մասին փաստագրական պատմություն է:

«Այն իրականություն դարձավ նրանց երեխաների ու թոռների ի սրտե շնորհակալություն հայտնելու ցանկության շնորհիվ, շնորհակալություն հայտնելու նրանց, ով սուրբ է մեզ համար: Նախապատրաստական շրջանում ենթադրվում էր ընդգրկել միայն Լենինգրադյան ռազմաճակատում զոհված հայերի անունները: Սակայն, ինչպե՞ս վարվել վերապրածների հետ: Մի՞թե ազատագրող զինվորին անմահանալու համար անպայման զոհվել էր հարկավոր: Ուստի որոշվեց հավաքել զոհված և մահից խուսափած հայ զինվորների առավելագույն թվով կենսագրություններ»,-ասաց Մերուժանյանը, հայտնում է Ռոսբալտը:

«Հետախույզի ճակատագիրը» գրքի նոր, ընդլայնված խմբագրության հեղինակը 1968-1975 թթ. Լենինգրադի զինվորական շրջանի հետախուզության պետ, այժմ պաշտոնաթող գեներալ-մայոր, 95-ամյա Միխայիլ Բերեզկինն է: 9 մարտական շքանշանների արժանացած զինվորականը պատմում է Մեծ հայրենականի քիչ հայտնի դրվագների, ԽՍՀՄ և Արևմուտքի երկրների դիմակայության մասին սառը պատերազմի տարիներին, հայտնի մարդկանց հետ հանդիպումների մասին: Գրքի առաջին հրատարակությունն իսկական սենսացիա առաջացրեց: Նա աշխատել է գրքի վրա շուրջ 20 տարի:

Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվեց տեսանյութ Բերեզկինի ողջույնի խոսքով, որը չէր կարողացել ներկա գտնվել առողջական վիճակից ելնելով, և կարճամետրաժ ֆիլմ հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանի մասին: Ֆիլմում ներկայացված են նրա կառուցած 12 հուշարձանները, նվիրված Մեծ հայրենականի ժառանգության պահպանմանը:

«Հայերը Լենինգրադի ճակատամարտում» կենսագրական տեղեկատուն եզակի նյութեր է ներկայացնում Լենինգրադի պաշտպանության ու ապաշրջափակման մասնակից հայ զինվորների մասին, արխիվային նյութերի և վերջին տարիներին որոնողական խմբերի աշխատանքների արդյունքների հիման վրա: Գրքում ներկայացված կենսագրությունները եզակի են՝ պարտիզանական միավորման անվեհեր հրամանատարից մինչև ռմբակոծությունների տակ վիրահատող կին վիրաբույժը, առաջին իսկ օրերին գերեվարված շարքայինից մինչև իրեն փայլուն դրսևորած գեներալը և այլն: Լենինգրադի 100 հազար հայ պաշտպաններից 20 հազարը չդարձան տուն: Այս հատորում ընդգրկված է 3000 կենսագրություն: Գրքի վրա աշխատել է նաև «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---