Տուրօպերատորներ. Ռուսաստանցիներն ամանորյա տոներին նախապատվությունը կտան ՀՀ-ին ու Վրաստանին

Տուրօպերատորներ. Ռուսաստանցիներն ամանորյա տոներին նախապատվությունը կտան ՀՀ-ին ու Վրաստանին

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների թվում Հայաստանն ու Վրաստանը ռուսաստանցիների շրջանում առավել նախապատվելի ուղղություններն են համարվել ամանորյա տոներն անցկացնելու համար, հայտնել է Ռուսաստանի Տուրինդուստրիայի միությունը: Երկու պետությունների հիմնական արժանիքները տուրօպերատորները համարում են տեսարժան վայրերի առատությունն ու ավիափոխադրման ցածր արժեքը:

Զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները վստահ են, որ Վրաստանն ու Հայաստանն այս սեզոնում ռուս զբոսաշրջիկներին գրավելու մոտավորապես հավասար շանսեր ունեն: Երրորդը համարվում է Ուզբեկստանը, որը, սակայն, զգալիորեն զիջում է առաջին երկուսին, քանի որ այդ երկրում այնքան էլ զարգացած չէ Ամանորը նշելու ավանդույթը:

Ըստ զբոսաշրջության ոլորտի գործակալների, Հայաստանում ամանորյա տոներին առավել մեծ պահանջարկ ունեն լեռնադահուկային հնարավորություններով հայտնի Ծաղկաձորն ու Ջերմուկը: Այնուամենայնիվ, ընդհանուր շրջագայությունները Հայաստանով նույնպես բավականին մեծ պահանջարկ ունեն:

«Ավիաթռիչքով փաթեթները նախատեսված են 4 և 8 օրվա համար: Կարճ տուրն ընդգրկում է շրջագայություն Երևանով, այցելություն Գառնի, որը ԱՊՀ տարածքի միակ հեթանոսական տաճարն է, Գեղարդ, ուղևորություն դեպի Սևան, այցելություն կոնյակի «Արարատ» գործարան, էքսկուրսիա Էջմիածին, որտեղ գտնվում է կաթողիկոսի նստավայրը: Տուրի արժեքն ավիափոխադրման հետ միասին կազմում է 386 եվրո, ավելի ծավալուն 8-օրյա շրջագայությունը՝ մոտ 600 եվրո»,-գրում է Ռուսաստանի Տուրինդուստրիայի միության RATA-news էլեկտրոնային թերթը BTA Travel գործակալությունների հետ աշխատանքի գծով բաժնի պետ Միխայիլ Մոնինի վրա հղումով:

Վրացական զբոսաշրջային պրոդուկտի առավելությունն, ըստ փորձագետների, նույնպես ենթադրում է էքսկուրսիոն ծրագրի մեծ բազմազանություն:

«Օրինակ, այս տարի մենք կառաջարկենք տուր դեկտեմբերի 31-ից հունվարի 10-ը, որի ընթացքում զբոսաշրջիկներին գրեթե ամեն օր նոր հանդիպում է սպասում նոր վայրերի հետ: Երթուղին կանցնի Թբիլիսիով, Քութաիսով և Բաթումով: Ամանորյա տոնական ընթրիքի հետ միասին այդ ուղևորությունը մեկ մարդու հաշվարկով կպահանջի 2400 դոլար առանց ավիատոմսի»,-պատմել է «Ժարկով տուր» ընկերության Միջին Ասիայի և Կովկասի բաժնի ղեկավար Ռենա Գալուստովան:

Որպես Հայաստանի մեծ առավելություն Գալուստովան նշել է ավիափոխադրման համեմատաբար էժան գինը: «Մոսկվայից Երևան ավիատոմսի գինը 17 հազար ռուբլի է: Համեմատության համար՝ մինչև Թբիլիսի և հակառակ ուղղությամբ 30 հազար ռուբլի»,-ասել է նա:

Ըստ «Ալեան» ընկերության կոմերցիոն տնօրեն Օքսանա Բուլախի, վաճառքների աճը դեպի Վրաստան ու Հայաստան հասել է մոտ 20 տոկոսի:

Պարբերականը նշում է, որ Վրաստանի իշխանությունները չեն շտապում ավելացնել ռուսաստանցի ավիափոխադրողների քանակը: Ըստ Վրաստանի Քաղավիացիայի տնօրեն Գուրամ Ջալագոնիայի, վրացական կողմից Թբիլիսիի և Մոսկվայի միջև չվերթներ այսօր իրականացնում է միայն «Վրացական ավիաուղիներ» ընկերությունը, իսկ ռուսական կողմից մի քանի հայտ կա:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերին «Ռոսավիացիան» հայտարարեց Մոսկվա-Թբիլիսի կանոնավոր օդային հաղորդակցության վերականգնման մասին: Թռիչքներ իրականացնելու թույլտվություն ունեն արդեն 7 ռուսական ավիաընկերություններ, սակայն այժմ այդ ուղղությումբ թռչում են երեք ավիաընկերությունների ինքնաթիռներ, որից մեկը վրացական ընկերությունն է:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ RATA-news-ի, մինչև տարեվերջ ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսնքն այդ ուղղությամբ կհասնի մոտ մեկ միլիոնի:

Մինչդեռ ճանապարհորդների աշխարհի խոշորագույն TripAdvisor կայքն ընդգրկել է Հայաստանը նախընտրելի երկրների Travelers Choice ցանկում:

Travellers' Choice Destinations Award մրցանակը հանձնվում է կայքի միլիոնավոր օգտատերերի կարծիքների հիման վրա: 10 լավագույն քաղաքների ցանկը որոշվում է մի քանի չափանիշներով՝ հյուրանոցների քանակն ու արձագանքների որակը, զվարճությունների և ռեստորանների քանակն ու որակական կազմը մեկ տարվա կտրվածքով:

Մրցանակները շնորհվում են 500 ուղղություններով, ներառյալ աշխարհի լավագույն զբոսաշրջային վայրերը: Կան նաև անհատական անվանակարգեր Աֆրիկայի, Ասիայի, Ավստրալիայի, Կանադայի, Կարիբյան կղզիների, Կենտրոնական Ամերիկայի, Եվրոպայի, Չինաստանի, Մերձավոր Արևելքի, Հարավային Ամերիկայի, Հարավխաղաղօվկիանոսային տարածաշրջանի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի համար:

Արդեն մի քանի տարի է, ինչ զբոսաշրջությունը Հայաստանում հայտարարվել է տնտեսության առաջնահերթ ոլորտներից մեկը: Այս ոլորտն ունի առանձնացված պետական քաղաքականություն: 2014թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 495 967 զբոսաշրջիկ կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 17.3%:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---