ԿԲ փոխնախագահ. Մեր պահուստները բավարար են՝ կանխելու փոխարժեքի տատանումները (թարմացված)

ԿԲ փոխնախագահ. Մեր պահուստները բավարար են՝ կանխելու փոխարժեքի տատանումները (թարմացված)

PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահը ներկայացրել է տարադրամի շուկայում առկա վերջին օրերի լարվածության, փոխարժեքի տատանումների և տարադրամի շուկայի կայունացմանն ուղղված կառույցի քայլերը: Ներսես Երիցյանը նշել է, որ վերջին շրջանում միջազգային շուկայում և տարածաշրջանում զարգացումները, այդ թվում արժութային շուկայի մեծ տատանումները ներքին արժութային շուկայում դրամի արժեզրկման պատճառ են դարձել և որոշակի տատանողականության աճի հանգեցրել:

«Ցավոք, ձևավորված սպասումներն այսօր հեռու են մեր տնտեսության հիմնարարներից, այդուհանդերձ, որոշակի մտավախության տեղիք են տվել, որովհետև նաև ճշգրտվում է փոխարժեքը: Վերջին մեր հայտարարություններն ուղղված էին դրամի սպեկուլյացիայից և անհարկի փոխարկումից զերծ պահելուն, քանի որ փոխարժեքի նման տատանողականության վարքագծի պայմաններում այն բարձր ռիսկային է և չմասնագիտացված անձինք ակնկալվող օգուտի փոխարեն կարող են նաև զգալի վնաս կրել»,- նշել է Երիցյանը, տեղեկացնում են գործադիրի մամուլի ծառայությունից:

Երևանի փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 2-ին հասել է 1 դոլարի դիմաց 450–470 դրամի, մինչդեռ դրա նախօրեին 435,26 դրամ էր։ Ավելի ուշ Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել` նշելով, որ վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին:

ԿԲ-ն կոչ էր արել զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտիփոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների:

Ըստ նրա, ՀՀ գլխավոր դրամատունն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին, որ կայունացնի շուկայի իրավիճակը: Արդեն գործի են դրվել ԿԲ տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր գործիքները և միջոցները, այդ թվում Ռեպո շուկայում իրացվելիության կարգավորման, լոմբարդային գործիքների, արժութային սվոպներ առաջարկելու միջոցներով և արժութային շուկայում տարբեր միջամտություններ անելոով, որպեսզի տատանողականությունը հաղթահարվի: Ըստ մասնագետի, այն, դրսի շոկով պայմանավորված ճշգրտումները պետք է իրենց տեղը գտնեն:

«Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները կանխելու և ֆինանսական կայունություն ապահովելու համար: Մեր պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին: Այդ իմաստով որևիցե խնդիր չենք տեսնում»,- նշել է ԿԲ փոխնախագահը:

Անդրադառնալով բանկային համակարգի և դրա գործառույթներին վերաբերող տարբեր մտահոգություններին, Ներսես Երիցյանի հավաստիացրել է, որ բանկային համակարգի կայունությունը նույնպես ապահովված և երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով:

«Բանկերի արդեն իսկ մեծ և´ ակտիվները, և´ պարտավորությունները դոլարացված են, դոլարով են, և բանկերն իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն՝ և´ կանխիկ, և´ անկանխիկ, որը նույնպես համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին, այդ իմաստով էլ բանկերը պետք է ի վիճակի լինեն սպասարկելու մեր քաղաքացիների պահանջները»:

Կենտրոնական բանկի կանխատեսումներով, գների կայունությանը վերաբերող զգալի ռիսկեր և զարգացումներ այս պահին չկան, և գնաճի ցուցանիշը 2014-15 թթ. կգտնվի նպատակայինի շուրջ՝ տատանումների թույլատրելի միջակայքում՝ 4±1.5%-ի շրջանակում:

«Այս տարվանը կլինի 4%-ի, 2015-ինը՝ 4±1.5 տոկոսի շրջանակում՝ հաշվի առած բոլոր վերջին զարգացումները և արտարժութային շուկայում իրավիճակը»,- եզրափակել է նա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկել է դեկտեմբերի 11-ի նիստում ներկայացնել ապրանքների գնաճի խնդիրը, որպեսզի կասկածը, թե իրական գնաճը ոչ թե 5%, այլ 10-15% է, փարատվի:

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24-ից հետո, երբ փոխարժեքը բարձրացավ 16,6 կետով` հասնելով 435 դրամի և թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ ԿԲ–ն դրամի արժեզրկումն անվանել էր փոխարժեքի շտկում, որը պայմանավորված է ազգային արտահանման մրցունակության բարձրացման և արտարժույթի պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։

Ավելի ուշ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը նշել է, որ փորձում են օգտագործել լծակներ, որպեսզի գնաճը լինի անհրաժեշտից ոչ ավելի: Նա հավելել է նաև, որ այն կախված չէ ՀՀ ներքին տնտեսական զարգացումներից, այլ տարածաշրջանային զարգացումների արդյունքն է:

Կառավարության ղեկավարի խոսքով, դոլարի արժևորման պարագայում դժվարանում է ներկրողների խնդիրը, քանի որ նրանք ապրանքը դրսում գնում են դոլարով և վաճառում դրամով, գրում է Tert.am-ը:

«Դա բացասական ազդեցություն է թողնում շահույթի վրա: Գոնե այս պարագայում ամեն ինչ պետք է անել, որ ներկրողները կարողանան առանց շահույթի կամ կորուստի դուրս գալ, դա է մեր խնդիրը»,- նշել է նա:

Հարցին, թե բյուջեի հիմքում դոլարի փոխարժեքի 411 դրամ է դրված, արդյոք դա ծախսերում խնդրի պատճառ չի դառնա, վարչապետը պատասխանեց. «Դա օրենքի պահանջ է, առաջիկայում դա կդիտարկենք, ուղղակի նոյեմբերի 1-ի կուրսը պետք է դնենք բյուջեի հիմքում, ինչպես էլ վարվել ենք»:

Գործադիրի ղեկավարի համոզմամբ, առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում իրավիճակը կկանոնակարգվի:

Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ Հայաստանում արտարժույթի փոխարժեքը չի հասնի 1 դոլարի դիմաց 500 դրամի և կտատանվի 450–460 դրամի սահմանում` բացատրելով դա ռուսական արժութայում շուկայում ստեղծված իրավիճակով։

Կարդացեք նաև՝ Դրամն արժեզրկվում է. Փոխանակման կետերում փոխարժեքը հասել է $1-ի դիմաց 450–470 դրամի

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---