Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ-ն կբանակցի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման շուրջ

Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ-ն կբանակցի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման շուրջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 4-5-ը շվեյցարական Բազելում անցնող ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 21-րդ նիստի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպման ժամանակ ընդհանուր քննարկումներ են անցկացվել ղարաբաղյան կարգավորման և այդ ուղղությամբ համանախագահների հաջորդ տարվա ծրագրերի ու առաջարկների վերաբերյալ:

Մինչդեռ, ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահների հետ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում էին ոչ միայն շփման գծում ուղղաթիռի խոցման ու լարվածության հարցերը, այլ նաև հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրները: «Այժմ շատ կարևոր է միավորել կողմերին երկխոսության համար և զարգացնել այն»:

«Ուղղաթիռի հետ կապված միջադեպն ողբերգական կարող է համարվել երկու կողմերի համար: Մենք աշխատում ենք կանխել նման միջադեպերն ու շարունակել երկխոսությունը: Պարբերաբար լարվածություն առաջացնող իրադարձություններ են տեղի ունենում և դա վնասում է բանակցային գործընթացին: Մենք կոչ ենք անում երկու կողմերին զուսպ լինել ու կենտրոնանալ կարգավորման գործընթացի վրա»,-ասել է նա, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք առաջիկայում նախատեսվում է նախագահների հանդիպում՝ դիվանագետն ասել է, որ իրազեկված չէ նման հանդիպման մասին: «Սակայն այդպիսի հանդիպում հնարավոր է: Մենք կբանակցենք այդ ուղղությամբ: Եթե նախագահները որոշում կայացնեն հանդիպման մասին, մենք պատրաստ ենք աջակցել նրանց»:

Ավելի վաղ Բազելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հադիպում է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է վերջին շաբաթներին Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ դարձած` Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների, ուսումնավարժական թռիչք իրականացնող` Արցախի ՊԲ ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակի վրա։

Հանդիպմանը շարունակել են քննարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքեր գործադրել՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտմամբ խոցել էր ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

Նոյեմբերի 22-ին պարզվել էր, որ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել էին ուղղաթիռի անձնակազմից դիերն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Դեկտեմբերի 1-ին ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Ինչպես հայտնում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը, Ուորլիքի հետ Ղուլյանի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Ուորլիքի հանդիպումը Ղուլյանի հետ, ինչպես և սպասելի էր, խիստ բացասական արձագանք ստացավ Բաքվում: Ինքը Ուորլիքն այսպես մեկնաբանեց իր հանդիպումը Ղուլյանի հետ.

«Ես, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարևոր եմ համարում քննարկումներ անցկացնել բոլոր կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման նպատակով: Մենք քննարկեցինք լարվածության նվազեցման կարևորությունը, որն առաջացել է նոյեմբերի 12-ին զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, և կարևորել ենք նաև բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»,-ասել է Ուորլիքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---