13  04.12.14 - «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը նախագահական նստավայրի դիմաց

Վարչապետ. Նաիրիտցիների աշխատավարձն ամբողջությամբ փակելու խոստում չի եղել

Վարչապետ. Նաիրիտցիների աշխատավարձն ամբողջությամբ փակելու խոստում չի եղել

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն առավոտից նախագահի նստավայրի մոտ էին: Պահանջները երկուսն էին: Ինչպես դրանք տեղում ներկայացրել է քիմկհսկայի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, պահանջում են աշխատավարձի պարտքի մարում և աշխատանքից ազատման մասին ծանուցագրերի գործընթացի դադարեցում: Հավաքվածները նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպում էին պահանջում:

Գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը նույնպես այնտեղ էր, անդրադառնալով աշխատանքային պայմանագրերի լուծարմանը, նշել է, թե արդեն 4 տարի է՝ միայն 700 աշխատակից է աշխատանքի ներկայանում, մոտ 1500-ը հարկադիր պարապուրդում են, գրում է Panorama.am-ը:

«Այսպես շարունակելու իմաստ չկա, բերում է պարտքերի լրացուցիչ կուտակումների»,- նշել է նա:

Սաղաթելյանը տեղեկացրել է նաև, որ 500 աշխատակցի հետ, որոնք պետք է ապահովեն գործարանի անվտանգությունը, փետրվարից 6-ից հետո նոր պայմանագրեր են կնքելու:

Դեկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ գործարանի ամբողջ աշխատակազմը ծանուցագրեր է ստանալու, որոնք տեղեկացնելու են՝ 2015-ի փետրվարի 6-ից բոլոր պայմանագրերը լուծարվելու են: Բայց այնուհետև մոտ 500 աշխատակցի հետ նոր պայմանագրեր են կնքվելու` գործարանի պահպանման աշխատանքների համար:

«Գործարանում առկա խնդիրների դրական լուծման դեպքում աշխատակիցներին հետ կհրավիրենք»,- հավաստիացրել է գործարանի տնօրենը:

Նոյեմբերի 5-ին հայտարարվել էր, որ մինչև տարեվերջ գործարանը կմարի իր աշխատակիցների աշխատավարձերի ամբողջ պարտքը, որը մոտ 15 մլն ԱՄՆ դոլար է կազմում: Այն ժամանակ խոսքը մոտ աշխատակցի կրճատման մասին էր:

Նախօրեին՝ դեկտեմբերի 3-ին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, թե «Նաիրիտ»-ի վերաբերյալ իր արած հրապարակային և ոչ հրապարակային հայտարարությունները միմյանց չեն հակասում:

Դիտարկմանը, թե հրապարակավ ասել էր` նաիրիտցիների աշխատավարձերն ամբողջությամբ կմարվեն, մինչդեռ լուրերի համաձայն` նախատեսվում է գործարանի աշխատակազմը կրճատել, բացի այդ աշխատավարձերի ծավալը նույնպես կնվազի, նախարարը պատասխանել է. «Ես ինչ ասում եմ հրապարակային, այն էլ ասում եմ աշխատակիցներին: Կրճատումներով ոչ թե նախարարությունն է զբաղվում, այլ ընդհանուր խորհուրդը»:

Գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ մեկ ամսվա աշխատավարձն այս ընթացքում արդեն մարել են, իսկ երկրորդ ամսվանը խոստացել են վճարել մինչև դեկտեմբերի 15-ը: Նա նաև ընդգծել է, թե ամբողջությամբ մարում չի լինի:

Արդեն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես նշել է, թե նաիրիտցիների աշխատավարձն ամբողջությամբ փակելու խոստում չի եղել:

«Հնարավորության սահմաններում փորձելու ենք անպայման օգտակար լինել և այսօր վճարելու ենք նոյեմբերի ու դեկտեմբերի աշխատավարձերը»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Գործարանի աշխատակիցները 12-16 ամսվա կուտակված աշխատավարձերի պարտք ունեն:

Ըստ վարչապետի, գործարանը 4 տարի է՝ չի աշխատում, և հիմա առաջարկում են մարել աշխատավարձի պարտք, որը «կուտակվել է անհիմն»: Անդրադառնալով գործարարնի աշխատանքին, Հովիկ Աբրահամյանն ասել է, թե Համաշխարհային բանկին խնդրել են միջազգային փորձագետներ հրավիրել և առաջարկներ անել: Գործադիրի ղեկավարի խոսքով, մինչև 2015-ի մարտ այդ առաջարկը կլինի, ու «Նաիրիտի» ճակատագիրն այդ ժամանակ կորոշվի:

«Եթե հնարավորություն կլինի աշխատեցնելու, կառավարությունը կաջակցի այդ գործընթացին»,- նշել է նա:

Անդրադառնալով գործարանի սեփականատերիրոջ մասին հարցին, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս պահին արժեթղթերի 90 տոկոսը ռուսական Մեջգոսբանկի մոտ է, որոնք գրավադրված են, ևս 10 տոկոսը Կառավարությանն են:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել էր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---