2015-ի պետբյուջեն ընդունվել է. Դրամի արժեզրկման պատճառով քվեարկությունն ԱԺ-ում չի հետաձգվել

2015-ի պետբյուջեն ընդունվել է. Դրամի արժեզրկման պատճառով քվեարկությունն ԱԺ-ում չի հետաձգվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը ձայների 46 դեմ, 71 կողմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է Կառավարության ներկայացրած 2015-ի պետբյուջեի նախագիծը:

Նախագծի վերջնական տարբերակում եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի ամփոփ ցուցանիշներն են. եկամուտներ՝ 1 տրիլիոն 191 միլարդ դրամ, որից հարկային եկամուտներ և տուրքեր՝ 1 տրիլիոն 138,7 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 23,4 տոկոսը: Այսինքն, 2015-ի բյուջեի նախագծի վերջնական տարբերակում հարկեր-ՀՆԱ հարաբերությունը 2014-ի ծրագրային ցուցանիշը կգերազանցեն 0,2 տոկոսով, ծախսերը կազմելու են 1 տրիլիոն 305 միլարդ դրամ կամ ՀՆԱ-ի 26,6 տոկոսը, դիֆիցիտը՝ բացարձակ և հարաբերական առումով 114 միլիարդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2,34 տոկոսը::

Կառավարությունը նոյեմբերի 27-ին հավանություն էր տվել 2015-ի պետբյուջեի փոփոխված տարբերակին: Ինչպես նիստին նշել է ֆինանսների փոխնախարարը, ԱԺ-ում բյուջեի քննարկումներից հետո գործադիրը ստացել էր մոտ 367 առաջարկություն պատգամավորներից ու հանձնաժողովներից:

Քննարկումների արդյունքում ընդունելի են համարվել 45 առաջարկ, 210 առաջարկի հետ կապված տրվել էին պարզաբանումեր, որոնք բյուջեի այս կամ այն կողմի պարզաբանումերին էին վերաբերում, 112 առաջարկություն մերժվել է, քանի որ մեծ գումարների հետ են կապված եղել»,-ասել է փոխնախարարը:

«Անշուշտ, յուրաքանչյուր տարի խորհրդարանի քննարկմանը ներկայացվող պետբյուջեի նախագիծը նաև քաղաքական քննարկումների փաստաթուղթ է, քանի որ այն արտացոլում է առաջիկա տարում երկրում սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացման հնարավորությունները: Գաղտնիք չէ, որ նման հնարավորություններն առաջին հերթին պայմանավորված են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի եկամտային մասով»,- բյուջեի քննարկմանը հայտարարել է հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

Փոխնախարարի խոսքով, չնայած վերջին 10 տարում պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են մոտ 3,5 անգամ` գերազանցելով 1 տրիլիոն դրամը, այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, որ 2015-ի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող ֆինանսատնտեսական ցուցանիշները, կանխատեսումները, նպատակադրումները գալու են լուծելու առկա բոլոր խնդիրները:

«Խնդիրները, ցավոք, դեռևս շատ են, և միգուցե դա է պատճառը, որ մեր պատգամավորներն իրենց ելույթներում տարբեր գնահատականներ ու որակումներ տվեցին 2015 թվականի պետական բյուջեին, որոշ պատգամավորներն էլ այն անվանեցին անողնաշար ու փող չբերող բյուջե»,- ասել է Սաֆարյանը:

Ըստ նրա, կարևորը ոչ թե որակումներն են, այլ այն մոտեցումները, որոնք դրված են բյուջեի հիմքում:

«ՀՀ 2015 թվականի պետական բյուջեն հիմնված է նպատակադրումների ու դրանց իրագործման հնարավորությունների արդյունավետ հավասարակշռման ու իրատեսականության վրա»,- նշել է Սաֆարյանը:

Փոխնախարարը նշեց նաև, որ պատգամավորների որոշ առաջարկներ հաշվի են առնվել և բյուջեի նախագծում որոշակի փոփոխություններ են իրականացվել այդ առաջարկների հիման վրա:

Նախագիծը պահել է իր սոցիալական ուղղվածությունը, որի վկայությունն այն է, որ ծախսերի ծավալի 48 տոկոսը բաժինն է ընկանում սոցիալ-մշակութային ոլորտին:

«2015 թվականի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահական բնագավառների ծախսերը»,- իր ելույթում նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ պատշաճ մակարդակի ծախսեր են նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար:

«2015 թվականին ևս շարունակելու ենք ցուցաբերել ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Միևնույն ժամանակ, բոլոր ոլորտներում ուղղորդվել ենք հավասար պայմանների ստեղծման և հասարակությանն ականջալուր լինելու մեր կարգախոսով: Մենք նախաձեռնել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են էապես բարելավելու գործարար միջավայրը, ամրապնդելու պետության նկատմամբ գործարարների վստահությունը: Սակայն դրանցից բոլորը չէ, որ իրենց անմիջական արտացոլումն են գտել 2015-ի բյուջեում: Այնուամենայնիվ, այս կառավարության կողմից առաջին անգամ ներկայացվող տարեկան բյուջեում կարելի է արդեն տեսնել նոր քաղաքականության շեշտադրումների սկիզբը»,- շեշտել է նա:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվել է` արդյոք վերջին օրերի փոփոխությունները ազդեցություն ունենալու են 2015-ի բյուջեի նախագծում առկա ցուցանիշների վրա, ապա առաջարկել հետաձգել նախագծի հաստատումը՝ մինչև կարվեն նոր հաշվարկներ, քանի որ ներկայացված նախագիծը փոփոխությունների կարիք ունի, որպեսզի համապատասխանեցվի իրականությանը:

Ի պատասխան Սաֆարյանը նշել է, որ փոփոխությունները կարող են ազդել բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վրա, սակայն ընդհանրապես կանխատեսումների համար միշտ այնպիսի ժամանակաշրջան է ընտրվում, երբ որոշակի կայունացման տենդնեցներ կան.

«Մենք գտնվում են մի փուլում, երբ կանխատեսումները սիրողական բնույթ ունեն: Կարիք չկա հետաձգել բյուջեի քննարկումները: Հավաստիացնում եմ, որ անհրաժեշտություն չկա բյուջեն, քննարկումները հետաձգել: Մեր բյուջետային օրենսդրությունը բավական ճկուն է անհրաժեշտության դեպքում այդ փոփոխություններն արտացոլելու համար», մեջբերում է Panorama.am-ը:

Ավելի վաղ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրել էր, որ դոլարի արժևորմամբ պայմանավորված՝ ԱԺ ներկայացված 2015 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ չեն լինի՝ ծախսերի ու եկամուտների վերանայման մասով, գրում է Tert.am-ը:

Բյուջեի նախագծում 13,5 միլիարդ դրամի ծախսային ծրագրեր են ավելացել՝ մասնավորապես կուտակային համակարգի ներդրման ծախսերն ավելացել են 5 մլրդ դրամով, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համաֆինանսավորման համար՝ 3 մլրդ դրամ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար՝ 2 մլրդ դրամ, Քննչական կոմիտեի համար՝ 1,2 մլրդ դրամ, սահմանամերձ գյուղերի համար՝ 900 մլն դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---