Եվս մեկ դատավճիռ Սևան Նիշանյանի դեմ. Պատժաչափը դարձավ 11 տարի 8 ամիս

Եվս մեկ դատավճիռ Սևան Նիշանյանի դեմ. Պատժաչափը դարձավ 11 տարի 8 ամիս

PanARMENIAN.Net - Թուրքիայում արդեն իսկ ազատազրկված հայազգի լրագրող, լեզվաբան, գրող ու գործարար Սևան Նիշանյանի գործով շարունակվող մեկ այլ դատավարության շրջանակներում կայացրած որոշման համաձայն վերջինս դատապարտվել է ևս 5 տարի 2 ամիս և 15 օր ազատազրկման ու 12.600 լիրա դրամական տույժի:

Այս անգամ Նիշանյանին մեղավոր են ճանաչել Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը «խախտելու» համար: Այսպիսով Նիշանյանի ընդհանուր պատժաչափը հասավ 11 տարի 8 ամսի՝ հաշվի առնելով, որ նա արդեն իսկ դատապարտված է, «Ակոս»-ին հղումով գրում է Ermenihaber-ը:

Նիշանյանի փաստաբան Մուրաթ Աքչըն հայտարարել է, որ այդ դատավճիռը ևս կբողոքարկվի: Մարտ ամսին Նիշանյանի դեմ կայացված դատավճիռը բողոքարկվել էր Թուրքիայի սահմանադրական դատարանում, որն էլ բավարարելով բողոքը, չեղյալ էր հայտարարել պատժաչափը: Սակայն այս անգամ արդեն դատարանը նրա դեմ գործ է հարուցել նույն հոդվածի այլ կետով և նոր պատժաչափի որոշում կայացրել: Նիշանյանի փաստաբանի խոսքերով վերոնշյալ պրակտիկայի կիրառման հետևանքով իր պաշտպանյալի վրա այնքան գործեր են հարուցվել, որ իրենք նույնիսկ կորցրել են դրանց հաշիվը:

Աքչըն տեղեկացրել է, որ Թուրքիայում Նիշանյանից բացի չկա մեկ այլ անձնավորություն, ով նշյալ հոդվածներով պատիժ կրի փակ ռեժիմի կալանավայրում: Փաստաբանն ավելացրել է նաև, որ Սահմանադրական դատարանի կողմից այս հարցին վեջնական լուծում չտրվի ապա Սևան Նիշանյանը կարող է միևնույն օրենքի խախտման պատրվակով բազմաթիվ տարիներ փակ ռեժիմի բանտում անցկացնել:

2014-ի հունվարի 2-ից հայ լրագրող ու լեզվաբան Սևան Նիշանյանը գտնվում է թուրքական բանտում: Պատժի դաժանությունն անգամ դրդել էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվիստներին ու ներկայացուցիչներին հավաքվել ու կազմավորել Սևան Նիշանյանի ազատության ու արդարության միջազգային կոմիտե:

2011-ի մարտի 9-ին Սևան Նիշանյանը դատապարտվեց 3 տարի և 4 ամիս ազատազրկման «ապօրինի շինարարության» համար: Դատարանի վճիռը պայմանավորված էր նրանով, որ լրագրողն անշարժ գույք ուներ, որը Թուրքիայում հայտնի է որպես «Նիշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: Դատարանը նաև տուգանել է Նիշանյանին 160 լիրով և զրկել է նրան որոշ արտոնություններից: Իզմիրի վարչակազմը որոշել է քանդել «Նիշանյանի տները», որոնք բաղկացած են գյուղական կոլորիտով 16 շինություններից որպես ապօրինի կառույցներ: Ինքը Նիշանյանն ընկալում է այդ որոշումը որպես ակցիա` ուղղված իր դեմ: Նա հայտարարել է, որ թուրքական իշխանությունները չեն կարող իրագործել իրենց որոշումը, քանի դեռ ինքը ողջ է: Նիշանյանն իր շինությունները փոխանցել է Ազիզ Նեսինի հիմնադրամին:

2013-ի մայիսին Սևան Նիշանյանը դատապարտվեց 13,5 ամսվա ազատազրկման Մուհամմեդ մարգարեի հասցեին հնչեցրած խոսքերի համար: Նրա գրառումը բլոգում դատարանը համարեց «աստվածապղծություն»:

2010-ին Նիշանյանի մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական հեռուստաեթերում հանգեցրին հեռուստաալիքի դեմ ուղղված պատժամիջոցների: Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Նիշանյանի մեկնաբանությունները «ստորացնում են Թուրքիայի Հանրապետությանը»: 2012-ին «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիային անվանեց «լրագրողների ամենամեծ բանտը»: Նիշանյանը կրում է պատիժը 2014-ի հունվարի 2-ից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---