5  08.12.14 - «Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի մամուլի ասուլիսը

«Հին Երևան» նախագծի մակետը հանրությանը կներկայացվի մարտի վերջին

«Հին Երևան» նախագծի մակետը հանրությանը կներկայացվի մարտի վերջին

PanARMENIAN.Net - 2015 թվականի մարտի վերջին հանրությանն է ներկայացվելու «Հին Երևան» նախագծի մակետը: Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը` հավելելով, որ մակետի ներկայացումից հետո արդեն պետք է նախագիծը համաձայնեցվի մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հետ:

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: ՀՀ կառավարության 2014-ի նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: Ծրագրի շինարարական աշխատանքները կսկսվեն 2015 թվականին:

«Հանդիպել եմ շատ ներդրողների հետ: Նայում էին ծրագիրը, ամեն մեկն իր ուզածն էր թելադրում: Իմ խնդիրն էր վերականգնել Երևանի մի կտորը, վերականգնել միջավայր: Առաջին ներդրողն է, որ անմիջապես ընկալել է նախագիծը: Հարցադրումներից հասկացա, որ կարող ենք աշխատել»,- ասել է ճարտարապետը:

Նախնական հաշվարկներով, ըստ Վարդանյանի, խոսքը 120-150 միլիոն դոլարի մասին է: Ծրագրի ավարտի վերջնաժամկետն է 5 տարի: Ճարտարապետը նշել է, որ ամեն ինչ արվում է ըստ Երևանի գլխավոր հատակագծի:

Panorama.am_ը գրում է, որ Լևոն Վարդանյանը հավաստիացրել է`Աֆրիկյանների տունն իր տեղն անպայման ունենալու է այդ նախագծում. «Աֆրիկյանների տունն, իրոք, ապամոնտաժվել է պրոֆեսինալ շինարարների կողմից, քարերը բոլորը կան: Աֆրիկյանների տունն ունիկալ հուշարձան է: Ես ինքս էի պնդում, որ ապամոնտաժվեր: Մինչև այս վերջին աղմուկը նույնիսկ իմ կոլեգարների մեծ մասը չէին տեսել այդ շենքը: Հայտնվել էր այնպիսի քաղաքաշինական միջավայրում, որ չէր ընկալվում»:

Նա նշել է, որ նախատեսված հատվածում արդեն կա 14 շինություն, հավաքվելու է ևս 16 շենք, այսինքն Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներ հատվածում կլինի 30 շենք:

«Հին Երևանի» գործառույթի մասին խոսելիս ճարտարապետն ասել է, որ իր երազանքն է այդ հատվածը վերածել հասարակական, մշակութային կենտրոնի, որտեղ լինեն գորգերի, արծաթագործության, ասեղնագործության, խեցեգործության կենտրոններ, դրանց զուգահեռ՝ ցուցասրահներ, թանգարանային կենտրոններ: Բնակելի հատված չի լինելու:

Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ Կառավարությունը 2013-ի օգոստոսի 29-ին գերակա հանրային շահ էր ճանաչվել Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը: Ըստ քաղաքապետարանի, դա հնարավորություն կտա ավարտին հասցնելու քաղաքաշինական ծրագիրը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, հիմնականում վթարային բնակելի ֆոնդն ու Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:

ՀՀ քաղաքաշինության նախարարը պետք է մշակի համալիրի կառուցապատման նախագիծը՝ նախատեսելով ստորգետնյա 2 և վերգետնյա առավելագույնը 3 լրիվ և 1 մանսարդային հարկերով սակավահարկ կառուցապատում, ինչպես նաև «Հին Երևան» համալիրի կազմից դուրս միջին հարկայնությամբ հյուրանոցի կառուցում:

Կոնդում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման աշխատանքների ավարտի և այդ տարածքների նախկին սեփականատերերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով նախագիծը նախատեսում է թաղամասում առկա հողամասերը փոխանցել «Գլենդել Հիլզ»-ի խմբին՝ իրացվողների ու նախնական գնորդների հանդեպ պարտավորություններով հանդերձ։

Ըստ քաղշիննախարարության ներկայացրած նախագծի, որոշման ընդունումը հնարավորություն կտա կարգավորել նշված տարածքներում հողերի սեփականատերերի փոփոխությունները, բարենպաստ միջավայր ստեղծել ներդրումային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև նվազեցնել վերոնշյալ ծրագրերի հետ կապված ռիսկերը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---