
Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտականհանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով` նվիրված ցեղասպանությունների իրավական հարցերին:
Լսումները նպատակաուղղված էին ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտմանն ու կանխարգելմանը,ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարի հրամայականին, ինչպես նաև հետևանքների վերացման իրավական հիմնախնդիրներին:
Լսումներին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարությաններկայացուցիչներ, պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա է եղել ՈւրուգվայիԱրևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին:
Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, թե կգա մի ժամանակ, որ թուրքերն իրենք ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության հուշարձանին:
«Այո, վստահ եմ, այդ ժամանակն էլ կգա, և աշխարհը կընդունի դա»,-ասել է նա՝ հատուկ շնորհակալություն հայտնելով լսումներին ներկա Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին, Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ, Համաուկրաինական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչին:
Աբրահամյանը շեշտել է, թե հրեաները հայերից լավ գիտեն՝ ինչ է Ցեղասպանությունը, և չկա մի երկիր, որտեղ չլինեն հայեր ու հրեաներ: Նա կոչ է արել երկու ժողովուրդներին ուժերը համատեղել՝ ընդունելու անցյալում կատարած ցեղասպանությունները և կանխելու ապագայում դրանց հնարավորությունը:
«Ցեղասպանության խնդիրը կա, որը հայերի համար անվտանգության խնդիրն է»,-ասել է նա և հաստատել, թե անցյալը չմոռանալով՝ պետք է ներկան կառուցել:
«Ցեղասպանությունը անցյալ չի կարող լինել, պետք է ընդունվի ցեղասպանության խնդիրը, որ մենք կարողանանք մեզ անվտանգ զգալ»,-ասել է Աբրահամյանը:
Tert.am-ի հաղորդմամբ, Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ, Համաուկրաինական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչն իր հերթին նշել է, որ ինքը, որտեղ էլ լինի, հարգանքով է վերաբերվում հայերին և ամեն ինչ կանի՝ հայկական հարցը բարձրացնելու համար:
Նա համաձայնել է Արա Աբրահամյանի հետ՝ առանց անցյալի ապագա չկա, բայց նկատել, թե ինքն այդքան էլ շատ չի փորձում հիշել անցյալը և ավելի հակված է ջանքերն ուղղել դեպի հաջորդ օրվան:
«Պետք է աշխատել միասին և ատելությունը մեզանում վերացնել»,-ասել է նա և հավելել՝ իրենք ամեն ինչ կանեն, որ աշխարհը ցեղասպանությունների ժխտմանը մի քայլ մոտ լինի:
Իսկ Ուրուգվայի հանրապետության փոխնախագահ, Ուրուգվայի սենատ Դանիլո Աստորին նշել է.
«Մենք պայքարում ենք, որ հիշողությունը վառ մնա, երբևէ այլևս չկրկնվի այն պատուհասը, որը բաժին հասավ հայ ժողովրդին: Առանց հիշողության կյանք չկա, առանց հիշողության չկա անցյալ, բայց առանց հիշողության չկա նաև ապագա: Շատ շնորհակալ եմ ինձ ընձեռնված այս հնարավորություն համար»,- մեջբերում է «Առավոտը»:
«Այսօրն» էլ գրում է, որ ըստ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, այս լսումները շատ կարևոր են 2015-ի հարյուրամյա միջոցառումների համար, քանի որ ներկաները շատ լավ գիտակցում են՝ ինչ է ցեղասպանությունը, և ցանկանում են ու պայքարելու են, որպեսզի 2015-ին լինի հստակ և ամբողջական գիտակցում` այլևս երբեք:
Նրա խոսքով` ցեղասպանությունները մարդկության դեմ ուղղված ոճիրներ են, ոչ թե մեկ առանձին ազգի: Եվ դրա ժխտողականությունը նույնքան հանցավոր է ու դատապարտելի.
«Թուրքիայի այսօրվա իշխանությունները նպատակային իրականացնում են հանցավոր ժխտողական քաղաքականություն և չեն ուզում առերեսվել սեփական պատմության հետ: Բայց գալու է ժամանակը, երբ ոչ միայն թուրք մտավորականներն են գալու և տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- վստահություն է հայտնել նա` շեշտելով, որ Թուրքիան ցեղասպանել է ժողովուրդներին իրենց իսկ բնօրրաններում:
Եվ, ըստ Շարմազանովի, պատահական չէ, որ հայոց խորհրդարանում նախապատրաստվում է և առաջիկայում կունենան հայտարարության տեքստ, որը կդատապարտի հույն և ասորի փոքարամասնությունների ցեղասպանությունը ևս:
«Իսկ քանի դեռ Թուրքիան այսօր պատրաստ չէ ճանաչելու ցեղասպանությունը, պետք է միասնական լինենք` ՀՀ-ն, Արցախը, համայն հայությունն ու մեր բարեկամ ժողովորդների հետ միասին»,- ասել է Շարմազանովը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ իր խոսքում նշել է, որ թուրքը պետք է հասկանա՝ 20–րդ դարի գլխատված ազգը չենք, հզոր, ուժեղ, կազմակերպված մարդիկ ենք, որ հավատում ենք մեր ինքնությանն ու Հայ դատին.
«Ցեղասպանության հետևանքներն այսօր շարունակվում են: ՀՀ սահմանները փակ են, Թուրքիան տարեկան մեզ հասցնում է միլիարդավոր դոլարների վնաս, եթե այսօր խոսում ենք միջազգային իրավունքի տեսակետից, ժամանակն է, որ Թուրքիան պատասխան տա սահմանները փակելու և ՀՀ-ին տնտեսապես ճնշելու համար»: Հրանուշ Հակոբյանը ևս վստահ է՝ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. «Այսօր Թուրքիայում ինքնության ճգնաժամ է: Բոլորը պահանջում են ազգային փոքրամասնությունների իրավունքների ճանաչում»:
Ըստ նախարարի, բանը հասել է այնտեղ, որ մեջլիս փաստաթուղթ են ներկայացրել՝ պահանջելով ընդունել Հայոց ցեղասպանությունը, իսկ Կանաչների կուսակցությունն արդեն ճանաչում է: