Լեռնային Ղարաբաղում նարկոտիկ մշակաբույսեր չեն աճեցնում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը տարանցիկ տարածք չի հանդիասանում թմրանյութերի հոսքի համար: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը` միջազգային կոնֆերանսի ժամանակ, որ նվիրված է Ավղանստանից նարկոթրաֆիքի հարցին: Նա հերքել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հայտարարությունը այն մասին, որ, իբր, Լեռնային Ղարաբաղի շուրջ «անկառավարելի» շրջաններում տարբեր նարկոտիկ մշակաբույսեր են աճեցնում, որ փոխադրվում են Եվրոպայի երկրներ:



«Հաճախ ադրբեջանցի քաղաքական գործիչները քաղաքականացնում են այդ հարցը` հայտարարելով, որ այդ տարածքը (Լեռնային Ղարաբաղ) տարանցիկ է թմրանյութերի հոսքի համար: Այդ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է նա` հղում կատարելով ԱՄՆ-ում լույս տեսած եւ Ավղանստանից թմրանյութերի տրանզիտին նվիրված զեկույցներից մեկին, որում ասվում է, որ Ադրբեջանը տարանցիկ տարածք է հանդիսանում նարկոտիկների տեղափոխման համար:



«Եթե Լեռնային Ղարաբաղը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, դա չի նշանակում, որ տվյալ տարածքն անկառավարելի է»,- ընդգծել է Գեղամ Ղարիբջանյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
---