10  10.12.14 - Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի և յոթ պաշտոնյաների համատեղ կլոր սեղան-քննարկումը

ՊՆ ղեկավար. Լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ` իջնում

ՊՆ ղեկավար. Լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ` իջնում

PanARMENIAN.Net - 2014 թվականը Պաշտպանության բանակի, ԼՂՀ-ի համար լարված տարի էր, որն առանձնացավ տարբեր տիպի դիվերսիոն-հետախուզական գործողություններով և այդ իրականության մեջ պաշտպանության բանակի ղեկավարության և զորամասերի խնդիրը ոչ միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելն էր, այլ նաև կանխարգելիչ միջոցառումները, որը շատ դեպքերում իրականացվում է մեր տարածքից դուրս:

Այս մասին դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ սահմանին ու շփման գծում այսօր էլ լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ` իջնում:

«Նախկինում եթե Պաշտպանության բանակի հատվածում օրական նվազագույնը լինում էր կրակոցների 35-50 դրվագ, և հակառակորդն օգտագործում էր 1000 փամփուշտ, այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170- 200-ի և փամփուշտների թիվը 3000-ից մինչև 6000-ի է հասնում: Պաշտպանության բանակի և հայկական զինված ուժերի ստորաբաժանումները միայն պատասխանում են դիպուկահարների կանոնավոր կրակոցներին, անկանոն կրակոցներին մենք հանգիստ ենք վերաբերվում և չենք պատասխանում: Իսկ եթե լինում են սադրանքներ, ապա ձգտում ենք միայն չպաշտպանվել, այլ կանխել»:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13.000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Դիտարկմանը, թե պետք չէ երբեմն նախահարձակ լինել, Սեյրան Օհանյանն արձագանքել է. «Մենք ավելի շատ կողմնակից ենք կանխարգելիչ գործողությունների, պաշտպանական միջոցառումների, մենք ինքներս չենք խախտում, սակայն, երբ որ խախտում են մեր հարևանները, ապա այդ խախտմանը պետք է արժանի պատասխան տալ ,և իրենց «եռանդը» մարում է»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին` նախարարն ասել է, որ այն ընթանում է իր հունով.

«Պայմանավորվածությունները քաղաքական մակարդակում իրականացվում են, պարզապես այս լարվածությունները տեղի են ունենում տարբեր գործընթացների, հատկապես հանդիպումների շրջանակում, և փորձ է արվում այս լարվածությամբ ազդել հայկական կողմի վրա: Ե՛վ արցախյան գոյապայքարի փորձը, և՛ այսօրվա փորձը ցույց է տալիս, որ արդեն իսկ այն նպատակները, որ մեր հարևանների մոտ կար՝ սպառազինությունների մրցավազքով ցույց տալ իրենց բանակի հզորությունը, որն ի չիք դարձավ 2014 թվականի ոտնձգությունների ժամանակ, այլևս չի ազդում հայկական կողմի վրա: Մենք մեր տեսակետների տերն ենք. հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, խաղաղ պայմաններում՝ իհարկե՛, պաշտպանելով բոլոր միջազգային նորմերը»:

Սեյրան Օհանյանը, ըստ Panorama.am-ի, չի համաձայնել դիտարկմանը, թե հայկական կողմը մշտապես զիջողի դերում է.

«Մենք զիջողի դերում չենք: Մենք էլ կցանկանայինք, որ բոլոր խախտումները երկկողմանի չդատապարտվեին, այլ դատապարտվեր այն կողմը, որն իրականացրել էր այդ խախտումը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացում մենք կարողանում ենք մեր տեսակետները արտահայտել: Հարցի լուծման ուղղությունը երկխոսությունն է, խաղաղ պայմաններն են, փոխհամաձայնություններն են և, իհարկե, զինվորական հստակ փորձաքննության իրականացումն է»:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի վերաբերյալ նշանակված քննությանը, ապա նախարարը նշել է, թե հետաքննությունն ընթանում է, և այժմ որևէ նորություն չի կարող ասել:

Նախարարի խոսքով՝ հատկապես պաշտպանության ոլորտում ժամանակակից իրականության մեջ երկու գործոն կա, որ բերում է հաջողություն` մարդը և զենքը:

«Դա նշանակում է, որ Հայաստանի զինված ուժերում որդեգրված մարդակենտրոն գործունեությունը ամենաճիշտ ուղղություն է, և մենք զինվորին տեսնում ենք ո՛չ թե որպես ռեսուրս, այլ կոնկրետ գործոն, որը պետք է զինված ուժերում զարգանա՝ հենվելով իր պարտականությունների, պատասխանատվության, իր ունեցած իրավունքների վրա նաև վերադաստիարակվի և արժանի ՀՀ քաղաքացի վերադառնա մեր հասարակություն»,- շաշտել է նախարարը, մեջբերում է Tert.am-ը։

Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող ՄԻ-24 ուղղաթիռը:Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուի դիերի մնացորդները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր, այդ թվում՝ սև արկղը:

Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը 2 զինվոր է կորցրել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանն ու լեյտենանտ Ազատ Սահակյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---