30 հունիսի 2006 - 18:47 AMT
Ադրբեջանը չպետք է շատ հույս դնի Թուրքիայի վրա Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հաստատեց, որ ամերիկացի միջնորդ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը պատահական չէր: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, հայտարարությունը խթան հանդիսացավ Ղարաբաղյան հարցի հասարակական քննարկման համար, հատկապես Ադրբեջանում: «Սակայն համոզվածություն չկա, որ այդ քննարկումները ազդակ կարող են հանդիսանալ նոր բանակցություննրի համար, ոչ»,- նշել է Մանոյանը:

Ինչ վերաբերում է նախագահների ճնշմանը, ապա «Հայ Դատի» ղեկավարը գտնում է, որ Իլհամ Ալիեւի վրա ավելի մեծ ճնշում են գործադրում, քան Ռոբերտ Քոչարյանի վրա: «Սակայն դա չի նշանակում, որ դա դրական ճնշում է: Տվյալ դեպքում Ալիեւին զսպող գործոն է հանդիսանում նավթը: Սակայն, սկզբունքորեն, դժվար է ենթադրել, որ նա կարող է ինչ-որ համաձայնագիր ստորագրել, քանի որ անմիջապես կկորցնի իշխանությունը: Իսկ Ադրբեջանի ապակայունացումը տարածաշրջանի եւ հակամարտության կարգավորման համար ոչ մի լավ բանի չի բերի: Ես կարոծում եմ, որ G8-ի գագաթնաժողովին Իլհամ Ալիեւին պետք է հստակ հարց տան, որին նա պետք է պատասխանի»,- ընդգծել է Մանոյանը:

Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ Ադրբեջանը չպետք է շատ հույս դնի Թուրքիայի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Եթե Թուրքիան չեզոք դիրքորոշում ընդունի այս հարցում, ապա Ադրբեջանը պարտված է: Արեւմուտքը ներկա դրությամբ պետք է համոզի Թուրքիային, որ Հայաստանի նկատամամբ իր դիրքորոշումը որեւէ դրական աչրդյունք չի տալիս եւ չի էլ տա, եթե Թուրքիան իրոք ձգտում է դառնալ տարածաշրջանային տերություն»,- ասել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը: