ՌԴ-ն 15% տուրք է սահմանել ցորենի արտահանման համար. Հայաստանի վրա դա չի անդրադառնա

ՌԴ-ն 15% տուրք է սահմանել ցորենի արտահանման համար. Հայաստանի վրա դա չի անդրադառնա

PanARMENIAN.Net - 2015-ի փետրվարի 1-ից Ռուսաստանում ցորենի արտահանման տուրքը կկազմի մաքսային արժեքի 15 տոկոսը գումարած 7,5 եվրո, սակայն ոչ պակաս, քան 35 եվրո 1 տոննայի դիմաց: ՌԴ կառավարության համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Դմիտի Մեդվեդևը:

«Ստորագրված որոշման համաձայն 2015-ի փետրվարի 1-ից արտահանման մաքսատուրք է սահմանվում ցորենի համար: Ցորենի արտահանման համար տուրքի ներմուծումը կոչված է կայունացնելու իրավիճակը ցորենի ներքին շուկայում»,-ասվում է փաստաթղթում:

«ՌԴ-ից Մաքսային միության մասին համաձայնագրի անդամ պետությունների սահմաններից դուրս արտահանվող ապրանքների արտահանման մաքսատուրքերի տոկոսսադրույքներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման ամբողջական տեքստը կհրապարակվի առաջիկայում, ասվում է կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ցորենի արտահանման համար Ռուսաստանի սահմանած մաքսատուրքերը չեն անդրադառնա Հայաստանի վրա:

Նախարարը հիշեցրել է, որ ԵՏՄ անդամ երկրների միջև չեն գործում մաքսատուրքերը, ուստի հայկական կողմը ռուսական ցորենը կշարունակի ներմուծել նախկին կարգով: Նա նշել է, որ Հայաստանն ամեն տարի ներմուծում է 300-350 հազար տոննա ցորեն:

Նախարարը նշել է, որ մեծ աճ է ապահովվել հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի, մասնավորապես՝ ցորենի արտադրության բնագավառում: Բարձրացել է ցորենի ինքնաբավության մակարդակը. եթե 2012թ-ին ինքնաբավությունը կազմում էր 32.9 %, 2013թ-ին` 46.8 %, ապա 2014թ-ին գնահատվում է շուրջ 51 %: Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի բերքատվությունը, ըստ օպերատիվ տվյալների, կազմել է 31.4 ց/հա, նախորդ տարվա 30.8 ց/հա-ի դիմաց: Ինչ վերաբերում է ցորենին, ապա բերքատվությունը կազմել է 32 ց/հա, նախորդ տարվա 31.3 ց/հա-ի դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---