5 հուլիսի 2006 - 17:01 AMT
10-20 տարի առաջ Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ում գրեթե ոչ ոք չգիտեր
Վերջերս թուրք հանրության շրջանում սեփական պատմության, երկրի անցյալի հանդեպ հետաքրքրության աճի միտում է նկատվում, ինչը հաստատեց վերջերս Ստամբուլում կայացած միջազգային գիտաժողովը, նվիրված հայկական հարցին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նրա խոսքերով, չափազանց կարեւոր է, որ Թուրքիան ինքը հասկանա եւ հաշտվի սեփական պատմության հետ:

«Սակայն քանի որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը եւ շարունակում է Հայաստանի շրջափակումը, մենք շարունակում ենք մեր ակտիվ գործունեությունը: Ինչպես գիտեք, Հայաստանը համաձայն է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը առանց նախապայմանների եւ առաջնորդվում է այդ քաղաքականությամբ: Ես նաեւ պետք է ընդգծեմ, որ մենք շատ սերտ շփումներ ունենք կոնգրեսականների եւ Ջորջ Բուշի վարչակազմի հետ եւ դա իր արդյունքներն է տալիս. ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի քանակը օրեցօր աճում է: Ի դեպ, ընդամենը 10-20 տարի առաջ Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ում գրեթե ոչ ոք չգիտեր: Ավելին, ԶԼՄ-ներում չէր հիշատակվում նույնիսկ «ցեղասպանություն» տերմինը: Այժմ վիճակը կտրուկ փոխվել է` Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ մարդիկ գիտեն: Ես գտնում եմ, որ դա հայկական լոբբիստական կազմակերպությունների վաստակն է, եւ մեծապես, ԱՀՀ-ի»,- նշել է Արդունին:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ եթե Թուրքիան իրոք ցանկանում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, ապա նա պարտավոր է կատարել իր առջեւ դրված բոլոր պայմանները: «Առաջին հերթին, դա խոսքի ազատությունն է, կրոնական հանդուրժողականությունը եւ բաց սահմանները հարեւան երկրների հետ: Առանց այդ նախապայմանների կատարման նրան չեն ընդունի Եվրամիություն, եւ Թուրքիան դա շատ լավ է հասկանում»,- ընդգծել է ԱՀՀ գործադիր տնօրենը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ