Ադրբեջանցիների կրակոցի պատճառով ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվել է. Հրադադարը խախտվել է 150 անգամ

Ադրբեջանցիների կրակոցի պատճառով ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվել է. Հրադադարը խախտվել է 150 անգամ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներն՝ ելնելով անվտանգության նկատառումներից նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Միևնույն ժամանակ, ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1.400 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան քայլերի, շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992-ին ծնված Միսակ Արմենի Հակոբյանը: Իսկ հունվարի 11-ին, ժամը 23:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր:

Երկու ուղղությամբ էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր:Հակառակորդի կրած կորուստները ճշտվում են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ կորուստներ չեն ունեցել:

Կարդացեք նաև՝ Հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն կտրվի. ՊՆ ղեկավարի 7 կետանոց հրամանը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---