9  14.01.15 - Գյումրիում ընտանիք սպանողին հայկական կողմին հանձնելու պահանջով երթ դեպի նախագահական նստավայր

Գյումրեցիների ցույցը, երևանցիների երթը, Պերմյակովի մեղադրանքն ու գլխավոր դատախազի խոստումը

Գյումրեցիների ցույցը, երևանցիների երթը, Պերմյակովի մեղադրանքն ու գլխավոր դատախազի խոստումը

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության և 6 ամսական երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրգործով կասկածյալ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովմանը, ինչպես նաև հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ են իրականացնում:

Միջոցներ են ձեռնարկվում պարզելու նաև առերևույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, ինչպես նաև՝ բռնվելու հանգամանքները:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քննչական և օպերատիվ- որոնողական միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ:

Մինչ այդ Գյումրիում ցերեկը ավտոմեքենաներով երթ է անցկացվել, որն այնուհետև խոշոր բողոքի ակցիայի է վերածվել: 100-ից ավելի ավտոմեքենա 8-րդ ռազմավանի մոտից ուղևորվել են քաղաքի ՌԴ հյուպատոսություն, որտեղ երթի մասնակիցները սկսել են ձվեր նետել շենքի վրա` գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևի հետ հանդիպում պահանջելով:

Երթի մասնակիցների պահանջն էր նաև, որ ռուսական կողմը կասկածյալին հանձնի հայկական կողմին, գրում է «Հետք»-ը:

Քանի որ ոստիկանությունը փակել էր Հաղթանակի միակողմանի պողոտան՝ չթույլատրելով երթի մասնակիցներին շարժվել դեպի 102-րդ ռազմաբազա, նրանք որոշել են քայլել դեպի Գյումրու կենտրոնական հրապարակ՝ ավտոերթը վերածելով քայլերթի: Ավելի ուշ ցուցարարները հավաքվել են Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որը ռազմաբազայից ոչ շատ հեռու է, ու պահանջել հանդիպում բազայի ներկայացուցիչների հետ:

Այնուհետև ակցիայի մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանների կազմած շղթան, ինչի արդյունքում հրմշտոց է սկսվել: Այնտեղ է ժամանել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Ըստ նրա` հայկական կողմը նախաքննությունը վարում է անկախ այլ հանգամանքներից: Ասլանյանն առաջարկել է հավաքվել մարզի դատախազության դիմաց, որից հետո 15-20 հոգուց բաղկացած պատվիրակությունն առանց լրատվամիջոցների կարող են իր մոտ ներկայացնեն իրենց պահանջները, ինչին հավաքվածները չեն համաձայնել:

Երկար բանակցություններից հետո հավաքվածները որոշել են հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ին, հավաքվել մարզային դատախազության շենքի դիմաց: Նրանք հայտարարել են, որ այդպիսով ժամանակ են տալիս դատախազին և նրա վերադասներին` հարցին դրական լուծում տալու համար: Պատասխանը ստանալուց հետո կորոշեն իրենց անելիքը:

Մինչ այդ Երևանի Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ իրենց հերթին մոմավառություն և դեպի նախագահական նստավայր քայլերն էին նախաձեռնել։ Վերջինիս պահանջը նույնն էր՝ Գյումրիի սպանության մեղավորին հանձնել հայկական կողմին, որպեսզի նրա դատավարությունն իրականացվի մեր երկրում:

Երթն ընթանում էր լուռ, ոստիկանների ուղեկցությամբ, գրում է Tert.am-ը։ Բողոքի ակցիայի մասնակիցները նաև պահանջել են հանրապետությունում Սգո օր հայտարարել և հեռացնել ռուսական 102-րդ բազան Գյումիից՝ նախագահականի դիմաց վանկարկելով «ա-մոթ»:

Ընթացքում նախագահի նստավայրից դուրս է եկել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը, սակայն, շտապել է հեռանալ: Մինչև այդ նա նշել է, որ առավոտյան` ժամը 10։00-ին, կլինի Գյումրիում և գյումրեցիներին կներկայացնի ամբողջ ընթացակարգը, գրում է Panorama.am-ը:

«Ուզում եմ նաև դիմել գյումրեցիներին և ամբողջ ժողովրդին` այս ոճրագործությունն ամբողջ ժողովրդի խնդիրն է և բոլորիս նպատակը նույնն է, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ամբողջ խստությամբ: Վստահեցնում են, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի տարածքում և բոլորս կտեսնենք և հնարավորություն կունենանք հետևելու ամբողջ ընթացակարգին»:

Գլխավոր դատախազը նշել է, որ ՀՀ-ն հետևողական է լինելու իր քաղաքացու դեմ ոտնձգություն իրականացրած ցանկացած անձի պատասխանատվության ենթարկելու գործում։

Ակցիայի ավարտին մասնակիցները որոշել են ցրվել՝ պայմանավորվելով վաղը ՌԴ դեսպանատան մոտ հանդիպելու և այնտեղ հետագա անելիքները որոշելու մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---