Քերին հավանություն է տվել սիրիական կարգավորման վերաբերյալ ՌԴ խաղաղ նախաձեռնությանը

Քերին հավանություն է տվել սիրիական կարգավորման վերաբերյալ ՌԴ խաղաղ նախաձեռնությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հավանություն է տվել Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված Ռուսաստանի խաղաղ նախաձեռնությանը, հայտնում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով:

«Ռուսաստանի ջանքերը կարող են օգուտ բերել»,-հույս է հայտնել Քերին ՄԱԿ և ԱՊԼ Սիրիայի գծով ներկայացուցիչ Ստեֆան դը Միստուրայի հետ հանդիպմանը Ժնևում: Ամերիկացի դիվանագետը հաջողություն է մաղթել նրան սիրիական քաղաքներում հրադադարի ռեժիմի հաստատման գործում:

Ռուսական կողմը հարթակ է տրամադրում սիրիական ընդդիմության և կառավարության միջև բանակցությունների համար: Միջսիրիական բանակցությունները Մոսկվայում կկայանան հունվարի 26-29-ը:

Ավելի վաղ սիրիական ընդդիմության առաջնորդներից Մուազ ալ Հատիբը մերժեց Մոսկվա մեկնելու հրավերը, պատճառաբանելով, որ չեն կատարվում դրական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ պայմանները:

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովն իր հերթին հայտնել է, որ «հունվարի 26-ին պատվիրակությունները կժամանեն, 27-ին շփումներ կլինեն սիրիացի ընդդիմադիրների միջև, 28-ին՝ կհանդիպեն Սիրիայի ընդդիմադիրներն ու կառավարության ներկայացուցիչները, 29-ին հանդիպումները կավարտվեն և պատվիրակությունները կմեկնեն Մոսկվայից», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նախորդ տարվա դեկտեմբերին Բոգդանովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայում սիրիական հակամարտության կողմերի հանդիպումների համար: Նա ենթադրում էր, որ հանդիպումները կկայանան հունվարի վերջում: Սիրիայի Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչն այն ժամանակ հայտարարեց, որ ընդդիմադիր խմբերը քննարկումներ են սկսել Ռուսաստանում:

Սիրիայի կառավարությունը նախկինում պաշտոնապես հաստատել էր Մոսկվայում նախնական բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով պայմանավորվել սիրիացիների միջև խորհրդաժողովի անցկացման մասին առանց արտաքին միջամտության:

Հունվարի 14-ին Բոգդանովը հայտնեց, որ ՌԴ-ն շուրջ 30 հրավեր է ուղարկել սիրիական ընդդիմությանը մոսկովյան հանդիպմանը մասնակցելու առաջարկով:

«Մենք ակնկալում ենք, որ նրանք այնուամենայնիվ կժամանեն, նրանց համար օգտակար կլինի շփվելը իրար հետ, պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի գոնե ինչ-որ քաղաքական երկխոսություն սկսվի, որպեսզի հնարավոր լինի ուժային առճակատումը տեղափոխել քաղաքական դաշտ»,-ասել է Բոգդանովը:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---